Արխիվ | February, 2010
Մուսա Լեռան հերոսամարտի 95 ամյակ: Այնջարի հիմնադրման 70 ամյակ: Հոբելյանական Մարմնի կոչը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Այնջար, Տոնակատարություն | February 28th, 2010

ԿՈՉ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈԼՈՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԲՈԼՈՐ ՄՈՒՍԱԼԵՌՑԻ-ԱՅՆՋԱՐՑԻՆԵՐԻՆ
Սիրելի Հայրենակիցներ,
2009-ին մուսալեռցիների նոր արծվաբույն Այնջարը եղավ 70 տարեկան, իսկ 2010-ը զուգադիպում է Մուսա Լեռան փառավոր հերոսամարտի 95-րդ տարեդարձին:
Զույգ առիթները լավագույնս արժեվորելու համար կազմվել է Հոբելյանական մարմին, որը արդեն մի քանի ամիս է գործում է:
Մարմինը հստակեցրել է իր իրականացնելիք ծրագրերը (6 օգոստոս – 22 օգոստոս, 2010), որոնք շուտով կդառնան բոլորի սեփականությունը: Հոբելյանական Մարմինը պետք է կապի մեջ լինի աշխարհի տարբեր երկրներում գտնվող Մուսալեռան հայրենակցական միությունների և անհատ մուսալեռցիների հետ (որտեղ հայրենակցական միություններ չկան):
Սույն կոչով մենք դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին` հրավիրելով մասնակցելու այս ձեռնարկներին և այլազան միջոցներով քաջալերելու մշակված տարբեր ծրագրերը:
Հետևաբար, գալիք օգոստոս ամսին բոլորս ժամադրված ենք Այնջարում` զույգ ամյակները արժանի կերպով հիշատակելու և մեր երթը առաջ մղելու համար: Եկեք միասնաբար ամուր պահենք մեր նոր արծվաբույնը և կենդանի պահենք մեր կապը մեր արմատների ու պատմության հետ:
ԱՅՆՋԱՐ
Զրույց-դասախոսություն երիտասարդների հետ ՆԱՄ-ում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Դասախոսություն, Նարեկացի | February 20th, 2010
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) երիտասարդների հետ տեղի ունեցավ զրույց-դասախոսություն` հետևյալ թեմայով.
«Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին»:
Ներկա էին մոտ 100 երիտասարդներ և հյուրեր: Միջոցառման բացման խոսքն ասաց երիտասարդական թևի վարչության անդամ Աբրահամ Բալաբանյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց երիտասարդական թևը, ապա ծանոթացրեց դասախոսության թեմային, երեք խոսնակներին` Աշոտ Ղազարյանին (որպես նախկին երիտասարդի ներկայացուցիչ), Կարեն Դերձյանին (որպես այսօրվա երիտասարդի ներկայացուցիչ), Րաֆֆի Դուդակլյանին (որպես սփյուռքի երիտասարդի ներկայացուցիչ), ինչպես նաև Ռուբեն Կրիկյանին`միջոցառման վարողին: Աբրահամը բոլորին հաճելի ժամանց մաղթեց և խոսքը փոխանցեց Ռուբեն Կրիկյանին` միջոցառումը սկսելու համար:
Ռուբեն Կրիկյանը նշեց, որ պետք է կարևորել երիտասարդի դերը, քանի որ նրանք հասարակության գործունեության մի մասն են կազմում:


Այնուհետև երեք խոսնակները կատարեցին իրենց զեկույցները:
Աշոտ Ղազարյանի համառոտ զեկույցը.
«Իմ երիտասարդության տարիներին մենք ապրում էինք պարփակված խողովակում, որտեղ մարդու հնարավորությունները սահմանափակ էին: Այն ժամանակներում կյանքն այնքան գորշ էր ինձ թվում, որ երբ գունավոր ֆիլմի դիտումից հետո դուրս էի գալիս կինոթատրոնից, ահավոր վիճակում էի հայտնվում: Մեր երտասարդության տարիներին շատ ամոթ էր հայկական երաժշտություն լսելը, իսկ հիմա ժամանակները փոխվել են, արդեն սկսել ենք լսել նաև մեր հայկական երաժշտությունը: Այժմ նոր մարտահրավերների առջև ենք կանգնած, և այս լավ վիճակը կարող ենք օգտագործել պատմական ժամանակաշրջանում մեծ Հայաստանի սյունը դնելու համար:»

Կարեն Դերձյանի համառոտ զեկույցը.
«Այժմյան երիտասարդությունը անկախության տարիներին մեծացած սերունդ է, որը տեսել է նաև պատերազմյան տարիներ: Անկախությունից հետո ՀՀ-ում երտասարդներով զբաղվող առաջին կառույցը ստեղծվել է 1995թ-ին: Այժմ երիտասարդությունը շատ ակտիվորեն զարգանում է: Մենք շարժվում ենք առաջ` ստեղծելով մեր ապագան, փորձում ենք գիտելիքներ ստանալ արտասահմանում և ստացված գիտելիքները օգտագործել մեր երկրի զարգացման համար: Մեր պետությունը աջակցում է սփյուռքի հետ մեր կապերի ստեղծմանը: Պետք է համախմբվենք երիտասարդներով, 21-րդ դարը մեր ժամանակաշրջանն է լինելու:»

Րաֆֆի Դուդակլյանի համառոտ զեկույցը.
«Սփյուռքի հայերը հիմնականում որբանոցներում են մեծացել, բայց շատ կարճ ժամանակահատվածում հաստատվել են քաղաքական կյանքում` հասնելով բարձր դիրքերի, դարձել են պետական գործիչներ: Սակայն սփյուռքը ունեցել է իր վայրիվարումները, այս ամենի հետ երտասարդությունը շարժում է ունեցել: Յուրաքանչյուր երկրում ապրող հայ իր մեջ ընդգրկում է նաև այդ երկրի որոշ հատկանիշները, սակայն բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր հատկանիշ` հայկական ծագումը: Երիտասարդները երբեք չպետք է իրենց ինքնաբավարարված զգան, պետք է միշտ ավելիին ձգտեն: Կյանքում փոփոխությունները միշտ առաջացնում է երիտասարդը, իսկ լճացումը իրենից մեծ վտանգ է ներկայացնում:»
Զեկույցներից հետո ներկաները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Վերջում Ռուբեն Կրիկյանը նշեց.
«Այսպիսի հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի բոլորը` մանավանդ երիտասարդները, հասկանան, որ մենք նույնպես մաս ենք կազմում մեր հայրենիքի կերտմանը: Պետք է հասկանալ, որ երիտասարդությունը ոչ թե ապագան է, այլ մեր ներկան:
Շնորհակալություն ենք հայտնում Նարեկացի արվեստի միությանը, բոլոր ներկաներին, երեք խոսնակներին ու միջոցառման վարողին:
Մուսալեռցիների ազատարար նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի մահվան 70-րդ տարելիցը: Զրույց Թովմաս Այնթաբյանի հետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Լուի Դարթիջ դե Ֆուրնե, Հարցազրույց, Մուսալեռցիներ | February 17th, 2010

Նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեին` մուսալեռցիների ազատարար նավապետին, երախտապարտ են բոլոր մուսալեռցիները ու միշտ հիշել և խոսել են իր մասին, սակայն մինչ այսօր գրեթե ոչինչ հայտնի չէր իր կյանքի մասին:
Թովմաս Այնթաբյանը, ծագումով մուսալեռցի, երկար տարիներ հետաքրքրվել ու զբաղվել է նավապետի կյանքին ծանոթանալու և նրա տունն ու գերեզմանը գտնելու ուղղությամբ: Վերջապես, օրերս գտնվելով Ֆրանսիայում` նրան հաջողվել է ստույգ պարզել, թե իր կյանքի վերջին տարիները որտեղ է անցկացրել և թաղվել նավապետը:
Զրույցի ժամանակ Թովմաս Այնթաբյանը մանրամասն պատմեց Լուի Դարթիջ դե Ֆուրնեի կենսագրությունը և այն, թե ինչպես նրան հաջողվեց գտնել նավապետի տունն ու գերեզմանը:
Թովմաս Այնթաբյանի խոսքը.
« Լուի Դարթիջ դե Ֆուրնեն ծնվել է 1856թ. Ֆրանսիայի Հյուսիս-Արևմուքում` Բրոտոնի Օրնի շրջանում: Նախապես նրա անունը եղել է Լուի Դարթիջ: Ավելի ուշ նա իր ազգանվանը ավելացրել է դե Ֆուրնե մականունը` վերցված իր հոր մորական արիստոկրատական ազգանունից: Զինվորական կրթություն ստանալով և Ֆրանսիայի ռազմածովային ուժերում ծառայելով` ի վերջո ստեցել է ծովակալի կոչում: 1914թ. 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է Միջերկրական ծովի ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալ: Մուսա լեռան 40 օրերի ամենածանր և հուսահատ վերջավորությանը նավատորմի «Կիշեն» ռազմանավի անձնակազմը հեռվում նկատում է լեռան վրա պարզված սպիտակ սավանը և հետաքրքրվելով` նավը ուղղում այդ ուղղությամբ: Տեսնելով սավանի վրայի կարմիր խաչը` նրանք ավելի են մոտենում ափին: Այդ ժամանակ Մովսես Կրիկյան անունով մի մուսալեռցի, լինելով հմուտ լողորդ, լողալով նավին է մոտենում և փոխանցում նախօրոք գրված նամակները, որտեղ մուսալեռցիները խնդրում էին կանանց և երեխաներին տեղափոխել ապահով տեղ, իսկ տղամարդկանց զենք տրամադրել` կռվելու ու լեռը պաշտպնելու համար: Այնուհետև նավ է բարձրանում նաև Պետրոս Տմլակյանը, որը լավ ֆրանսերենի գիտակ էր` մնալով նավի վրա: Այդ ժամանակ Լուի Դարթիջ դե Ֆուրնեն նավի վրա չի լինում: Պետրոս Տմլակյանը կարողանում է անձնակազմին ճիշտ բացատրել ստեղծված դրությունը ու համոզել, որ ռազմանավը ռմբակոծի թուրքական դիրքերը` խուճապի մատնելով թուրքերին: Այս ամենից հետո ռազմանավը գնում է Կիպրոս, որպեսզի զեկուցի Դարթիջ դե Ֆուրնեին կատարվածի մասին: Նա հասկանում է հարցի լրջությունը և հեռագիր ուղարկում Ֆրանսիա` ներկայացնելով ստեղծված իրավիճակը: Բայց իմանալով ֆրանսիական երկար թղթաբանությունը, տեղում որոշում է չորս հածանավեր ուղարկել Մուսա լեռ` տեղափոխելու ողջ ժողովրդին: Միևնույն ժամանակ դիմում է Կիպրոսին` մուսալեռցիներին տեղ հատկացնելու հարցով, բայց ստանում է բացասական պատասխան: Շուտով դիմում է Եգիպտոսի ֆրանսիական և բրիտանական պաշտոնյաներին ու կարողանում համոզել, որ նրանք Պորտ Սաիդում վրանաքաղաք պատրաստեն 4058 մուսալեռցիների համար: Մինչ նավերը տեղափոխում են մուսալեռցիներին, վրանաքաղաքը պատրաստվում է, և մուսալեռցիները հաստատվում են Պորտ Սաիդ անապատում: Ժողովրդին Պորտ Սաիդ տեղափոխելուց երեք ամիս հետո միայն Կիպրոս է հասնում պատասխան հեռագիրը, որտեղ ֆրանսերենով գրված է լինում` «Ou se trouve mont Moise (որտե՞ղ է գտնվում Մովսեսի լեռը)»:
Եթե Դարթիջ դե Ֆուրնեն չենթարկվեր իր խղճի ձայնին` վտանգի ենթարկելով իր ռազմական կարիերան, այլ ղեկավարվեր ռազմական օրենքներով, ապա ոչ մի մուսալեռցի չէր կարող փրկվել:
1916թ. Լուի Դարթիջ դե Ֆուրնեն պաշտոնանկ է արվում` ավարտելով իր զինվորական ծառայությունը: Նա ժառանգ չի ունենում և պաշտոնանկ լինելուց հետո ամուսնանում է մի այրի կնոջ հետ ու միասին ապրում Ֆրանսիայի հարավարևմտյան շրջանում` մի համեստ ու գեղեցիկ տանը:


Հիմա պատմեմ թե ինչպես գտա նրա տունը և գերեզմանը: Ես երկար ժամանակ է հետաքրքրվում էի ու փորձում որևէ լուր իմանալ դե Ֆուրնեի մասին իր ապրած շրջանից: Վերջապես այնտեղի հնագիտական հետազոտությունների աշխատակիցներից մեկը պատահաբար գրքում կարդում է, որ այս ինչ տանը ապրել է Լուի Դարթիջ դե Ֆուրնեն, որը մահացել և թաղվել է Սան Շամասի գյուղում: Այս ամենը իմանալով կապվեցի Սան Շամասի գյուղի գյուղապետի հետ` խնդրելով պարզել տան ու գերեզմանի տեղը: Շուտով նա ինձ ուղարկեց քարտեզի վրա պատկերված գերեզմանի և տան ճիշտ տեղը: Քարտեզի միջոցով կարողացա գտնել իր գերեզմանը և տունը` որը պատկանել է Դարթիջ դե Ֆուրնեի ազգականին: Տապանաքարի վրա, որը արդեն մամռակալել ու քայքայվել էր, դեռ պահպանվել էր հետևյալ գրությունը. «Louis DARTIGE DU FOURNET 1856-1940» :
Այս ամենը ինձ համար մեծ հայտնություն էր: Ի դեպ, այսօր` փետրվարի 17-ին, լրանում է Լուի Դարթիջ դե Ֆուրնեի մահվան 70-րդ տարելիցը: »

Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Հայտարարություն | February 9th, 2010
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը կազմակերպում է դասախոսական զրույց-քննարկում երիտասարդության հետ հետևյալ թեմայով.
«Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին»:
Միջոցառումը նպատակ ունի ներկայացնել և անդրադառնալ ժամանակակից երիտասարդությանը հուզող խնդիրներին: Ծրագրում նախատեսվում է երեք զեկույց (յուրաքանչյուրը 10-15 րոպեանոց) հետևյալ թեմաներով.
- «Երեկվա երիտասարդի մտածելակերպը և տեսլականը ապագայի շուրջ»:
Զեկուցող` Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն` Աշոտ Ղազարյան: - «Այսօրվա երիտասարդի մտածելակերպը և տեսլականը ապագայի շուրջ»:
Զեկուցող` Ուսանողական գիտական ընկերության նախագահ` Կարեն Դերձյան: - «Ինչպե՞ս է մտածում և ի՞նչ տեսլական ունի աշխարհի երիտասարդությունը, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան հայ և օտարերկրացի երիտասարդների միջև»:
Զեկուցող` Դանիական «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն` Րաֆֆի Դուդակլյան:
Զեկույցներից հետո կլինեն քննարկումներ ներկաների և զեկուցողների միջև:
Ողջ ընթացքը կվարի և վերջում կամփոփի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ» կազմակերպության քաղքացիական հասարակության և կրթության ծրագրերի ղեկավար Ռուբեն Կրիկյանը:

Միջոցառումը տեղի կունենա «Նարեկացի» արվեստի միությունում, փետրվարի 20-ին` շաբաթ օրը, ժամը 18.00-ին:
Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին` ակնկալելով ակտիվ մասնակցություն:







