Արխիվ | February 20th, 2010
Զրույց-դասախոսություն երիտասարդների հետ ՆԱՄ-ում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Դասախոսություն, Նարեկացի | February 20th, 2010
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) երիտասարդների հետ տեղի ունեցավ զրույց-դասախոսություն` հետևյալ թեմայով.
«Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին»:
Ներկա էին մոտ 100 երիտասարդներ և հյուրեր: Միջոցառման բացման խոսքն ասաց երիտասարդական թևի վարչության անդամ Աբրահամ Բալաբանյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց երիտասարդական թևը, ապա ծանոթացրեց դասախոսության թեմային, երեք խոսնակներին` Աշոտ Ղազարյանին (որպես նախկին երիտասարդի ներկայացուցիչ), Կարեն Դերձյանին (որպես այսօրվա երիտասարդի ներկայացուցիչ), Րաֆֆի Դուդակլյանին (որպես սփյուռքի երիտասարդի ներկայացուցիչ), ինչպես նաև Ռուբեն Կրիկյանին`միջոցառման վարողին: Աբրահամը բոլորին հաճելի ժամանց մաղթեց և խոսքը փոխանցեց Ռուբեն Կրիկյանին` միջոցառումը սկսելու համար:
Ռուբեն Կրիկյանը նշեց, որ պետք է կարևորել երիտասարդի դերը, քանի որ նրանք հասարակության գործունեության մի մասն են կազմում:


Այնուհետև երեք խոսնակները կատարեցին իրենց զեկույցները:
Աշոտ Ղազարյանի համառոտ զեկույցը.
«Իմ երիտասարդության տարիներին մենք ապրում էինք պարփակված խողովակում, որտեղ մարդու հնարավորությունները սահմանափակ էին: Այն ժամանակներում կյանքն այնքան գորշ էր ինձ թվում, որ երբ գունավոր ֆիլմի դիտումից հետո դուրս էի գալիս կինոթատրոնից, ահավոր վիճակում էի հայտնվում: Մեր երտասարդության տարիներին շատ ամոթ էր հայկական երաժշտություն լսելը, իսկ հիմա ժամանակները փոխվել են, արդեն սկսել ենք լսել նաև մեր հայկական երաժշտությունը: Այժմ նոր մարտահրավերների առջև ենք կանգնած, և այս լավ վիճակը կարող ենք օգտագործել պատմական ժամանակաշրջանում մեծ Հայաստանի սյունը դնելու համար:»

Կարեն Դերձյանի համառոտ զեկույցը.
«Այժմյան երիտասարդությունը անկախության տարիներին մեծացած սերունդ է, որը տեսել է նաև պատերազմյան տարիներ: Անկախությունից հետո ՀՀ-ում երտասարդներով զբաղվող առաջին կառույցը ստեղծվել է 1995թ-ին: Այժմ երիտասարդությունը շատ ակտիվորեն զարգանում է: Մենք շարժվում ենք առաջ` ստեղծելով մեր ապագան, փորձում ենք գիտելիքներ ստանալ արտասահմանում և ստացված գիտելիքները օգտագործել մեր երկրի զարգացման համար: Մեր պետությունը աջակցում է սփյուռքի հետ մեր կապերի ստեղծմանը: Պետք է համախմբվենք երիտասարդներով, 21-րդ դարը մեր ժամանակաշրջանն է լինելու:»

Րաֆֆի Դուդակլյանի համառոտ զեկույցը.
«Սփյուռքի հայերը հիմնականում որբանոցներում են մեծացել, բայց շատ կարճ ժամանակահատվածում հաստատվել են քաղաքական կյանքում` հասնելով բարձր դիրքերի, դարձել են պետական գործիչներ: Սակայն սփյուռքը ունեցել է իր վայրիվարումները, այս ամենի հետ երտասարդությունը շարժում է ունեցել: Յուրաքանչյուր երկրում ապրող հայ իր մեջ ընդգրկում է նաև այդ երկրի որոշ հատկանիշները, սակայն բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր հատկանիշ` հայկական ծագումը: Երիտասարդները երբեք չպետք է իրենց ինքնաբավարարված զգան, պետք է միշտ ավելիին ձգտեն: Կյանքում փոփոխությունները միշտ առաջացնում է երիտասարդը, իսկ լճացումը իրենից մեծ վտանգ է ներկայացնում:»
Զեկույցներից հետո ներկաները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Վերջում Ռուբեն Կրիկյանը նշեց.
«Այսպիսի հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի բոլորը` մանավանդ երիտասարդները, հասկանան, որ մենք նույնպես մաս ենք կազմում մեր հայրենիքի կերտմանը: Պետք է հասկանալ, որ երիտասարդությունը ոչ թե ապագան է, այլ մեր ներկան:
Շնորհակալություն ենք հայտնում Նարեկացի արվեստի միությանը, բոլոր ներկաներին, երեք խոսնակներին ու միջոցառման վարողին:







