Արխիվ | June 24th, 2010
Մուսալեռցիները հարգանքի տուրք են մատուցում իրենց փրկարար նավապետին: Զրույց Թովմաս Այնթաբյանի հետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Այնջար, Լուի Դարթիջ դե Ֆուրնե, Հարցազրույց, Մուսալեռցիներ, Նարեկացի | June 24th, 2010

2010թ. մայիսի 5-ին Ֆրնասիայի Դորդոն շրջանի Սան Շամասի գյուղում տեղի ունեցավ նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեին նվիրված միջոցառում: Այն հատկանշական էր տապանաքարի տեղադրումով, որը պատրաստել էր մուսալեռցի քանդակագործ Աղասին (Պողոս Թասլաքյանը): Նավապետի գերեզմանը և տունը վերջերս գտել էր Թովմաս Այնթաբյանը:
Թովմաս Այնթաբյանի խոսքը միջոցառման վերաբերյալ.
«Միջոցառումը կազմակերպվեց մի խումբ մուսալեռցիների և Սան Շամասի գյուղապետարանի ու Դորդոն շրջանի շրջանային խորհրդի կողմից: Նախաձեռնողը իհարկե մուսալեռցիներն էին, որոնք իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Մուսա Լեռան ժողովրդի ազատարար նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:
Դարթիջ դե Ֆուրնեն 1940թ. թաղվել է Սան Շամասի գյուղում: 1920-1940թթ. ապրել Սան Շամասիից ոչ հեռու, որտեղ գրել է իր կյանքի գլխավոր հուշերը: Չնայած իր գերեզմանը բավական լավ պատրաստված է եղել, բայց նա մոռացության է մատնված եղել պաշտոնանկ լինելուց հետո: Իր գործունեության ընթացքում կատարել է բազում սխրագործություններ, այդ թվում Մուսալեռցիների ազատագրումը: Պորտ Սաիդում մուսալեռցիներից կազմվել էր լեգիոնական ջոկատ, որը մասնակցում էր պատերազմին` ի օգուտ Ֆրնասիայի: Դա մուսալեռցիների կողմից պատասխան էր Ֆրանսիական նավատորմին` կատարած լավության դիմաց:
Մուսալեռցիները միշտ հիշել են Դարթիջ դե Ֆուրնեին և երրորդ նավատորմին: Սակայն Ֆրանսիայում նա մոռացության էր մատնված, և նույնիսկ Սան Շամասիի գյուղապետը տեղյակ չէր թե ինչ մեծություն է թաղված իր գյուղում: Ես ուզեցի վերականգնել նավապետի հիշատակը Ֆրանսիայում:


«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը շրջագայության էր մեկնել Եվրոպա, և դա լավ առիթ էր, որ խումբը հասնի Սան Շամասի և նավապետի շիրմի վրա հոգևոր երգեր երգի, հնչի հայկական դուդուկը: Գյուղապետը և շրջանի խորհուրդը տեղեկանալով այս ծրագրի մասին, որոշեցին ավելի մեծացնել միջոցառումը: Միջոցառման որոշ մասը կազմակերպեցին իրենք` կատարեցին հյուրասիրություն, կացարան տվեցին համույթի երեխաներին:
Զարմանալին այն էր, որ շատ էին ոգևորված ֆրանսիական լրատվամիջոցները: Այս լուրը լուսաբանվեց Ֆրանսիայի գրեթե բոլոլր հեռուսաալիքներով ու թերթերով: Բոլորը ցանկանում էին իմանալ մանրամասներ նավապետի կյանքի մասին: Այս ամենը մեծ ազդեցություն գործեց Ֆրանսիայի ժողովրդի վրա, և այժմ Սան Շամասին դարձել է նրանց համար ուխտագնացության վայր: Առաջ որևէ նյութ հնարավոր չէր գտնել Դարթիջ դե Ֆուրնեի մասին, իսկ այժմ բազում տեսանյութեր ու գրություններ կան նավապետի մասին, որոնք հասանելի են բոլորին:
Այդ օրը միջոցառմանը ներկա էին նահանգապետը` նախկին նավապետ, շրջանային խորհուրդը իր ղեկավարով, Ֆրանսիայի գյուղական խորհուրդների նախագահը` ծագումով հայ Վանիկ Բերբերյանը, և այլ պետական անձիք: Եղանակային պայմանները խիստ էին. անձրևոտ ու ցուրտ եղանակ էր, սակայն երկինքը շուտով պայծառացավ:
Օրվա գլխավոր իրադարձությունը հուշաքարի տեղադրումն էր գերեզմանի վրա: Մարմարե հուշաքարը իրենից ներկայացնում է ծալված սավան` վրան կարմիր խաչ, նույն սավանը, որը տեսնելով լեռան վրա, Ֆրանսիական նավերը մոտեցան ափին: Այդ սավանը մինչ այսօր մեծ գուրգուրանքով պահվում է Այնջարի Մուսալեռան թանգարանում: Մարմարի վրա նույն տեսքով ծալված վիճակում քանդակել է Աղասին:


Այս միջոցառումից երեք օր առաջ Այնջարի եկեղեցում հատուկ հոգեհանգստի արարողություն կատարվեց Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին, մարմարյա խաչը օրհնվեց գյուղի երեք համայնքապետերի կողմից: Օրհնությամբ և ժողովրդի համբույրներով մուսալեռցիները իրենց ոգին դրոշմեցին քարի վրա և ուղարկեցին Ֆրանսիա: Այժմ Ֆրանսիայում չեն դադարում այցելությունները Դարթիջ դե Ֆուրնեի գերեզմանին:


Քարի հետ մեկտեղ տեղադրվեց մի ցուցանակ, որի վրա գրված է, որ Մուսա Լեռան ժողովուրդը հերոսական պայքարից հետո ազատագրվել է Ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիջ դե ֆուրնեի կողմից: Իսկ ներքևում հայատառ գրվել է ` Ծովակալ Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:

Այնջարում և Սան Շամասիում կատարված արարողությունները միատեղելով, կարող ենք ասել, որ մուսալեռցիները իրենց երախտագիտության տուրքը մատուցեցին: Այս երթը պետք է շարունակել: Նման ձևով ավելի կսերտանան հայ-ֆրանսիական հարաբերությունները: Սան Շամասիի գյուղապետը ցանկություն հայտնեց, որ Սան Շամասին և Մուսալեռ ավանը դառնան քույր գյուղեր:
Միջոցառումը եզրափակվեց եկեղեցում «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգով:»

բոլոր նկարները…







