

Օգոստոսի 13-ին, կեսգիշերին Այնջարից սկսվեց ուխտագնացություն դեպի Մուսա լեռան պատմական վեց գյուղեր և Քեսապ: Բարեմաղթանքներ և օրհնություն ստանալուց հետո շուրջ 150 մուսալեռցիներ երեք մեծ ավտոբուսներով ճանապարհ ընկան:
Կտրել անցնելով Սիրիայի ողջ տարածքը` 15 ժամվա երկար ու հոգնեցուցիչ ճանապահից հետո ուխտավորները հասան Մուսա լեռ` Քեբուսյեի ծովեզերք, որտեղ ճաշեցին ու հանգստացան մուսալեռցու պատկանող հյուրանոցում:


Նույն օրը երեկոյան ուխտավորներն այցելեցին Վագֆ գյուղ, Թուրքիայի միակ հայկական գյուղը, որտեղ մինչ այսօր ապրում են մուսալեռցիներ: Գյուղում ճաշակեցին Վագֆցիների պատրաստած համեղ ուտեստները և մինչև ուշ գիշեր զվարճացան Մուսալեռան թմբուկի ու զուռնայի երաժշտության ներքո:


Հաջորդ օրը առավոտյան սկսվեց շրջագայությունը Մուսալեռան պատմական գյուղերով: Առաջին գյուղը Խդրբեկն էր, որի սառնորակ ջուրը խմելուց հետո, պատմական սոսիի դիմաց բոլորը շրջան կազմեցին և պարեցին ավանդական “տապկե” պարը: Հենց այս սոսիի դիմաց էլ առաջին անգամ երգվեց «Այնջար-70» երգը: Ուխտավորները, սոսիի դիմաց խմբակային լուսանկարից հետո, սկսեցին շրջել գյուղով:




Խդրբեկից բոլորը ուղևորվեցին դեպի Յողնուլուխ գյուղ: Գյուղով շրջելուց հետո մուսալեռցիները հավաքվեցին Առաքելական կիսաքանդ եկեղեցում, որը այժմ վերածվել է մզկիթի: Տեր Հայրը, որ կնքվել էր այդ եկեղեցում, հուզիչ պատմություններ պատմեց, ապա միասին երգեցին “Հայր Մեր”-ը:




Հաջորդ գյուղը Հաջի-Հաբաբլին էր: Ամբողջ գյուղը շրջելուց հետո ուխտավորները շարժվեցին Բիթիաս, որը ամենից մոտն է գտնվում Մուսա լեռանը:


Մուսալեռցիները վայելեցին Բիթիասի անմահական աղբյուրի ջուրը, շրջեցին գյուղով, տեսան մզկիթի վերածված Ավետերանական եկեղեցին, բակում գտնվող պատմական սոսին, ապա այցելեին դեռևս կանգուն Առաքելական եկեղեցի: Այս եկեղեցին կիսակառույց է, գմբեթը բացակայում էր: Եկեղեցում միասին երգեցին “Տեր Ողորմյա”-ն:






Վերջում մուսալեռցիները գնացին տեսնելու Բիթիասի հայտնի կամուրջը, ապա լվացվեցին գետում:


Բիթիաս գյուղից ուխտը շարունակվեց դեպի Քեբուսյե: Քեբուսյեում ուխտավորները շրջեցին գյուղի փողոցներով և բարձրացան Սբ. Սարգսի աստիճաններով դեպի բարձր ժայռը, որտեղ աղոթեցին:


Այս շրջագայության ընթացքում շատերը գտան իրենց պապենական տները, շատերն էլ` ոչ, քանդված էին: Ամեն գյուղ մտնելուց առաջ խոսվում էր այդ գյուղի պատմության և մարդկանց մասին: Ողջ ուղևորությունը անցավ հուզիչ մթնոլորտում:
Վերջին գյուղը Վագֆն էր, որտեղ արդեն հավաքվել էին բազում մուսալեռցիներ, հնչում էր թմբուկի ձայնը, և կաթսաներում եփվում էր հարիսան: Վագֆում ելույթ ունեցան և գյուղին նվիրատվություններ կատարեցին շատ մուսալեռցիներ: Մինչև ուշ գիշեր տևած երգ ու պարից հետո, ուխտավորները վերադարձան ծովեզերք, հյուրանոցներ:




Հաջորդ օրը առավոտյան Վագֆի եկեղեցում բոլորը ներկա գտնվեցին պատարագին, հարիսայի օրհնությանը, ճաշակեցին մատաղը` համեղ հարիսան և հրաժեշտ տվեցին Մուսա լեռին: Ավտոբուսները ուղևորվեցին դեպի Քեսապ, Սիրիա: Քեսապում մուսալեռցիները իջևանեցին ազգությամբ հայի պատկանող հյուրանոցում, մինչ ուշ երեկո մասնակցեցին խնջույքին և զվարճացան: Կեսգիշերին ոմանք այցելեցին հարիսայատուն, որտեղ արդեն եփվում էր հարիսան, իսկ մեծ սոսիի դիմաց նվագում էր թմբուկը, և պար էին բռնել քեսապցիները: Հաջորդ առավոտյան ուխտավորները մասնակցեցին Քեսապի եկեղեցում պատարագին, ճաշակեցին հարիսան:




Ուխտագնացությունն այսքանով ավարտվեց: Կեսօրին ավտոբուսները շարժվեցին: Ուշ երեկոյան ուխտվորները մեծ տպավորություններով բարեհաջող հասան Այնջար:








#1 by Arsen on August 27th, 2010
Apres Abraham