
Այնջարի «Մուսա լեռ» սրահում առավոտյան ժամը 9.30-ից մինչև երեկոյան 18.30-ը տևած համամուսալեռցիական Բ. համագումարը նախագահում էր Դոկտոր Վազգեն Տեր-Գալուստյանը: Համագումարի կարգախոսն էր` «Ձեռք-ձեռքի, ավելի բարգավաճ Այնջարի տեսիլքով»:
Վազգեն Տեր-Գալուստյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցան տարբեր երկրների Մուսալեռան հայրենակցական միությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին իրենց երկրներում մուսալեռցիների և միության այսօրվա վիճակը: Հայաստանը ներկայացրեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը և երիտաարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը` ներկայացնելով Հայաստանում միության աշխատանքները, նորաստեղծ երիտասարդական թևի պատմությունը, գործունեությունը և ապագա ծրագրերը:


Այնջարի հայության այսօրվա վիճակը ներկայացրեց Հ.Յ.Դ «Կարմիր Լեռ» կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Այնթաբլյանը, Այնջարի քաղաքապետության գործունեությունը` քաղաքապետ Կարո Փամբուկյանը, իսկ Այնջարի համայնքների վիճակը ներկայացրեցին Տեր Աշոտ Ավագ Քահանա Գարագաշյանը (Հայ առաքելական համայնք), Հայր Մեսրոպ Վարդապետ Թոփալյանը (Հայ կաթողիկե համայնք) և վերապատվելի Րաֆֆի Մսրլյանը (Հայ ավետարանական համայնք):
Մուսա լեռան պատմության, սովորույթների և բարբառի պահպանման մասին խոսեցին Դոկտոր Վահրամ Շեմմեսյանը, Մուշեղ Գարագաշյանը և Սոնիա Թաշչյանը: Մուսալեռցիների մարդկային ռեսուրսների մասին խոսեցին Դոկտոր Հակոբ Փանոսյանը և Կայծակ Զեյթյանը:
Տարբեր հարցերով և առաջարկներով ելույթ ունեցան նաև այլ մուսալեռցիներ:


Երիտասարդական թևի անդամ Արամ Շարբաթյանը շնորհակալություն հայտնեց այնջարցիներին և կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար, ապա Հայստանից եկած երիտասարդները հրաժեշտ տվեցին բոլորին, մի քանի ժամից պետք է վերադառնային հայրենիք:
Համագումարի ընդմիջմանը տեղի ունեցավ մուսալեռցի բանաստեղծ և արձակագիր Էդուարդ Բոյաջյանի հարթաքանդակի բացումը:







