Արխիվ | "Այնջար" կատեգորիա
Լուսանկարների ցուցահանդես: Ֆիլմի դիտում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, «Մուսա Լեռան 40 Օրը», Այնջար, Թերթեր, Միջոցառում, Մուսալեռ, Մուսալեռցիներ, Նարեկացի, Ցուցահանդես | September 16th, 2010
Սեպտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակի առթիվ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում` «Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարներ» խորագրով: Ներկայացված էին շուրջ 150 լուսանկարներ` 1915-2010թթ. բոլոր ժամանակաշրջաններով: Լուսանկարներում պատկերված են 1915թ. Ֆրանսիական նավերով մուսալեռցիների փրկությունը, ֆրանսիական վեց նավերը, 1915-1919թթ. Պորտ Սաիդի վրանաքաղաքից տեսարաններ, 1919-1939թթ. Մուսա լեռան և նրա վեց գյուղերի դրվագներ, 1939թ. Պասիթը և արտագաղթը, 1939-2010թթ. Այնջարը և ներկայիս Մուսա լեռը:


Լուսանկարների մեծ մասը` բացառությամբ Մուսա լեռան և Այնջարի այսօրվա լուսանկարների, բերված են Այնջարից, որտեղ նույնպես կայացել էր նմանատիպ ցուցահանդես: Լուսանկարների հեղինակներն են մուսալեռագետ Վահրամ Շեմեսյանը և Լևոն Թաշչյանը:
Ձեռնարկին ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը, երիտասարդական թևի անդամները, Վագֆից ժամանած մուսալեռցիներ և այլոք:


Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Իր խոսքում նա ներկայացրեց ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնեց Այնջարի «Կարմիր լեռ» կոմիտեությանը, Վահրամ Շեմեսյանին, Լևոն Թաշչյանին, Գաբրիել Փանոսյանին և «Նարեկացի» արվեստի միությանը ցուցահանդեսի կայացման համար, ինչպես նաև պատմեց դեպի Մուսա լեռ կատարված ուխտագնացության մասին:


Ապա խոսեց «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը: Նա ներկայացրեց Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միությունը և խոսքը փոխանցեց Հակոբ Հերգելյանին: Վագֆցիների անունից նա ողջույնի խոսք ասաց ներկաներին, որից հետո բոլորը ունկնդրեցին Այնջար-70 երգը` էկրանին տեսնելով Այնջարի լուսանկարներ` հիմնադրումից 70 տարի անց: Երգը ուղեկցվեց պարով:


Տեսանյութի ավարտից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված լուսանկարները:
Օրվա վերջում ցուցադրվեց «Մուսա լեռան 40 օրը» ֆիմը հայերեն թարգմանությամբ` նկարահանված Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա:


Ձեռնարկի հեղինակը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևն էր:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տոնակատարությունների ավարտը` սեպտեմբերի 19:
Օրվա միջոցառման մասին գրել են PANORAMA.AM, A1PLUS.AM, ARMENPRESS.AM, ASBAREZ.COM, NAREGATSI.ORG վեբ-կայքերը:
Մուսալեռան հերոսամարտի 95 ամյակի և Այնջարի հիմնադրման 70 ամյակի միջոցառումների շարքի հանդիսավոր փակում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Միջոցառում, Մուսալեռցիներ, Տոնակատարություն | August 21st, 2010


Օգոստոսի 21-ին երեկոյան ժամը 5-ին Այնջարի հրապարակում քաղաքապետը, ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեությունը, ՀՄԸՄ Այնջարի փողերախումբը և ողջ ժողովուրդը մեծ հանդիսավորությամբ դիմավորեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին: Բոլորը քայլեցին մինչև Սբ. Պողոս եկեղեցի, որտեղ պատարագ կատարվեց: Ապա «Սարգիս Զեյթլյան» կենտրոնի բակում տեղի ունեցավ Այնջարի նահատակներին նվիրված հուշակոթողի բացումը, իսկ երեկոյան եկեղեցու բակում տեղի ունեցավ հատուկ միջոցառում` նվիրված Մուսալեռան հերոսամարտի 95 և Այնջարի հիմնադրման 70 ամյակին: Միջոցառման ընթացքում Հրանուշ Հակոբյանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Իրենց խոսքն ասացին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ելույթ ունեցավ Այնջարի նորաստեղծ «Կաքավիկ» պարախումբը: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվեցին շատ մուսալեռցիներ:
Միջոցառման վերջում ներկաները այցելեցին հարիսայի պատրաստման վայր:


Հաջորդ առավոտյան, Սուրբ պատարագից հետո, հյուրերը մասնակցեցին հարիսայի օրհնության արարողությանը, այնուհետև հյուրընկալվեցին գյուղի ճաշարաններից մեկում: Այստեղ ևս տեղի ունեցան պարգևատրումներ:


Նոր ձայնասկավառակի և հրատարակված գրքերի շնորհանդես
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, «Մուսա Լեռան 40 Օրը», Այնջար, Երաժշտություն | August 20th, 2010


Օգոստոսի 20-ի երեկոյան «Սարգիս Զեյթլյան» կենտրոնի բակում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և Սերոբ Շերբեչյանի «Պատմություն Սուեդահայերու» գրքերի, ինչպես նաև Այնջարի 70 ամյակի կապակցությամբ պատրաստված ձայնասկավառակի, մուսալեռցի արվեստագետներին ներկայացնող գրքույկի և Մուսալեռան բարբառի բառարանի շնորհանդեսը:
Միջոցառման բացման խոսքն ասաց Հակոբ Այնթաբլյանը` մեծ կարևորություն տալով այս գրքերի հրատարակությանը: Իրենց կարծիքը արտահայտեցին նաև գրքերի խմբագիրներ Պողոս Սնապյանը և Եսայի Հավատյանը: Ապա աղոթքով տեղի ունեցավ հրատարակված գրքերի և ձայնասկավառակի մկրտություն: Միջոցառումը եզրափակվեց Հակոբ Բագրատունու խոսքով:
Համամուսալեռցիական Բ. համագումար
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Ժողով, Մուսալեռցիներ, Վարչություն | August 20th, 2010

Այնջարի «Մուսա լեռ» սրահում առավոտյան ժամը 9.30-ից մինչև երեկոյան 18.30-ը տևած համամուսալեռցիական Բ. համագումարը նախագահում էր Դոկտոր Վազգեն Տեր-Գալուստյանը: Համագումարի կարգախոսն էր` «Ձեռք-ձեռքի, ավելի բարգավաճ Այնջարի տեսիլքով»:
Վազգեն Տեր-Գալուստյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցան տարբեր երկրների Մուսալեռան հայրենակցական միությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին իրենց երկրներում մուսալեռցիների և միության այսօրվա վիճակը: Հայաստանը ներկայացրեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը և երիտաարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը` ներկայացնելով Հայաստանում միության աշխատանքները, նորաստեղծ երիտասարդական թևի պատմությունը, գործունեությունը և ապագա ծրագրերը:


Այնջարի հայության այսօրվա վիճակը ներկայացրեց Հ.Յ.Դ «Կարմիր Լեռ» կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Այնթաբլյանը, Այնջարի քաղաքապետության գործունեությունը` քաղաքապետ Կարո Փամբուկյանը, իսկ Այնջարի համայնքների վիճակը ներկայացրեցին Տեր Աշոտ Ավագ Քահանա Գարագաշյանը (Հայ առաքելական համայնք), Հայր Մեսրոպ Վարդապետ Թոփալյանը (Հայ կաթողիկե համայնք) և վերապատվելի Րաֆֆի Մսրլյանը (Հայ ավետարանական համայնք):
Մուսա լեռան պատմության, սովորույթների և բարբառի պահպանման մասին խոսեցին Դոկտոր Վահրամ Շեմմեսյանը, Մուշեղ Գարագաշյանը և Սոնիա Թաշչյանը: Մուսալեռցիների մարդկային ռեսուրսների մասին խոսեցին Դոկտոր Հակոբ Փանոսյանը և Կայծակ Զեյթյանը:
Տարբեր հարցերով և առաջարկներով ելույթ ունեցան նաև այլ մուսալեռցիներ:


Երիտասարդական թևի անդամ Արամ Շարբաթյանը շնորհակալություն հայտնեց այնջարցիներին և կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար, ապա Հայստանից եկած երիտասարդները հրաժեշտ տվեցին բոլորին, մի քանի ժամից պետք է վերադառնային հայրենիք:
Համագումարի ընդմիջմանը տեղի ունեցավ մուսալեռցի բանաստեղծ և արձակագիր Էդուարդ Բոյաջյանի հարթաքանդակի բացումը:
Մուսա լեռան ազգագրական տոհմիկ երեկո
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Միջոցառում, Մուսալեռցիներ | August 19th, 2010


Օգոստոսի 19-ին «Սարգիս Զեյթլյան» կենտրոնի բակում Մուսա լեռան ազգագրական տոհմիկ երեկո էր: Երեկոն կազմակերպել էր «Քառաղբյուր» միությունը` Լ.Օ.Խ.-ի Այնջարի «Աղթամար» մասնաճյուղը և երեք համայնքների տիկնանց միությունները:
Միջոցառմանը ներկա էր Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Աշոտ Քոչարյանը:
Պաշտոնական մասի ավարտից հետո իրենց երգով ու երաժշտությամբ ելույթ ունեցան շատ մուսալեռցիներ: Ողջ երեկոն չէին դադարում Մուսա լեռան պարերը, թմբուկն ու զուռնան:









