Արխիվ | "Հարցազրույց" կատեգորիա
Զրույց Մուսա լեռան Վագըֆ գյուղի գյուղապետի հետ | NEWS.am
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Թերթեր, Հարցազրույց, Մուսալեռ | May 17th, 2011

Թուրքիայի Հաթայ նահանգի Մուսա լեռան ստորոտին գտնվող հայաբնակ Վագըֆ գյուղի երիտասարդությունը տարբեր պատճառներով հեռանում է ծննդավայրից՝ թողնելով գյուղում միայն տարեցներին:
Ցեղասպանությունից փրկված և այնուհետ կրկին իրենց գյուղը վերադարձած Թուրքիայի միակ հայկական գյուղի բնակիչների թիվը տարեցտարի նվազում է: Գյուղի երիտասարդների մի մասը հեռանում է Թուրքիայի մեծ քաղաքներ կամ արտասահման՝ հիմնականում աշխատանք գտնելու և սովորելու համար:
Ինչեպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վագըֆից, գյուղապետ Պերճ Քարթունը հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 100 տոկոս հայերով բնակեցված գյուղի խնդիրները: Պերճ Քարթունն անդրադառնալով երիտասարդների զբաղվածության խնդրին, նշել է, թե այն լուծելու համար իրենք կոոպերատիվ են ստեղծել և երիտասարդներին ներգրավել դրա աշխատանքների մեջ: «Երիտասարդներին գյուղում պահելու համար անհրաժեշտ է տնտեսություն զարգացնել: Աշխատում ենք մեծացնել մեր ստեղծած կոոպերատիվի հնարավորությունները, սակայն ամեն ինչ դանդաղ է առաջ գնում», -նշել է հայազգի գյուղապետը:
NEWS.am-ի թղթակիցը գյուղապետից հետաքրքրվել է, թե հայկական գյուղում վերջին հարսանիքը ե՞րբ է եղել, սակայն Պերճ Քարթունը դժվարացել է հիշել՝ խնդրելով համագյուղացիներին հուշել իրեն: Ցավոք, համագյուղացիները ևս հստակ չեն կարողացել նշել, թե երբ է տեղի ունեցել: «Հստակ չեմ հիշում, պետք է մատյանի մեջ նայել: Կարծում եմ 5 տարի առաջ էր», -ասել է գյուղապետը՝ դժվարանալով հիշել նույնիսկ, թե ում են վերջին անգամ ամուսնացրել:
Քարթունը շեշտել է, որ գյուղի բնակչությունը գնալով նվազում է՝ նշելով, որ գյուղն ունի 135 բնակիչ, սակայն 10 տարի առաջ այդ թիվն անցնում էր 180-ից: «Վերջին 2 տարում գյուղում ծննուդներ չեն գրանցվել, սակայն նախորդ շաբաթվա ընթացքում 2 մահ է գրանցվել: Գյուղի երիտասարդ տղաները չեն ամուսնանում, աղջիկ չկա: Հայաստանցի աղջիկները չեն ցանկանում ամուսնանալ Թուրքիայում ապրող հայերի հետ, իսկ ստամբուլահայերը չեն ցանկանում գյուղ տեղափոխվել»,-նշել է գյուղապետը:
Անդրադառնալով գյուղի մշակույթային և կրթական կյանքին, Պերճ Քարթունը ցավով նշել է, որ երեխաները հայերեն են սովորում ընտանիքում կամ Ստամբուլից իրենց գյուղ եկող Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներն են նրանց հետ զբաղվում հայերենի ուսուցմամբ: «Գյուղի երեխաների համար ստեղծել ենք մանկական երգչախումբ, նրանց հայկական երգեր ենք սովորեցնում: Նրանք մասնակցում են գյուղի եկեղեցում իրականացվող պատարագներին», -ընդծել է Պերճ Քարթունը:


Ըստ news.am-ի
Մուսալեռցիները հարգանքի տուրք են մատուցում իրենց փրկարար նավապետին: Զրույց Թովմաս Այնթաբյանի հետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Այնջար, Լուի Դարթիջ դե Ֆուրնե, Հարցազրույց, Մուսալեռցիներ, Նարեկացի | June 24th, 2010

2010թ. մայիսի 5-ին Ֆրնասիայի Դորդոն շրջանի Սան Շամասի գյուղում տեղի ունեցավ նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեին նվիրված միջոցառում: Այն հատկանշական էր տապանաքարի տեղադրումով, որը պատրաստել էր մուսալեռցի քանդակագործ Աղասին (Պողոս Թասլաքյանը): Նավապետի գերեզմանը և տունը վերջերս գտել էր Թովմաս Այնթաբյանը:
Թովմաս Այնթաբյանի խոսքը միջոցառման վերաբերյալ.
«Միջոցառումը կազմակերպվեց մի խումբ մուսալեռցիների և Սան Շամասի գյուղապետարանի ու Դորդոն շրջանի շրջանային խորհրդի կողմից: Նախաձեռնողը իհարկե մուսալեռցիներն էին, որոնք իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Մուսա Լեռան ժողովրդի ազատարար նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:
Դարթիջ դե Ֆուրնեն 1940թ. թաղվել է Սան Շամասի գյուղում: 1920-1940թթ. ապրել Սան Շամասիից ոչ հեռու, որտեղ գրել է իր կյանքի գլխավոր հուշերը: Չնայած իր գերեզմանը բավական լավ պատրաստված է եղել, բայց նա մոռացության է մատնված եղել պաշտոնանկ լինելուց հետո: Իր գործունեության ընթացքում կատարել է բազում սխրագործություններ, այդ թվում Մուսալեռցիների ազատագրումը: Պորտ Սաիդում մուսալեռցիներից կազմվել էր լեգիոնական ջոկատ, որը մասնակցում էր պատերազմին` ի օգուտ Ֆրնասիայի: Դա մուսալեռցիների կողմից պատասխան էր Ֆրանսիական նավատորմին` կատարած լավության դիմաց:
Մուսալեռցիները միշտ հիշել են Դարթիջ դե Ֆուրնեին և երրորդ նավատորմին: Սակայն Ֆրանսիայում նա մոռացության էր մատնված, և նույնիսկ Սան Շամասիի գյուղապետը տեղյակ չէր թե ինչ մեծություն է թաղված իր գյուղում: Ես ուզեցի վերականգնել նավապետի հիշատակը Ֆրանսիայում:


«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը շրջագայության էր մեկնել Եվրոպա, և դա լավ առիթ էր, որ խումբը հասնի Սան Շամասի և նավապետի շիրմի վրա հոգևոր երգեր երգի, հնչի հայկական դուդուկը: Գյուղապետը և շրջանի խորհուրդը տեղեկանալով այս ծրագրի մասին, որոշեցին ավելի մեծացնել միջոցառումը: Միջոցառման որոշ մասը կազմակերպեցին իրենք` կատարեցին հյուրասիրություն, կացարան տվեցին համույթի երեխաներին:
Զարմանալին այն էր, որ շատ էին ոգևորված ֆրանսիական լրատվամիջոցները: Այս լուրը լուսաբանվեց Ֆրանսիայի գրեթե բոլոլր հեռուսաալիքներով ու թերթերով: Բոլորը ցանկանում էին իմանալ մանրամասներ նավապետի կյանքի մասին: Այս ամենը մեծ ազդեցություն գործեց Ֆրանսիայի ժողովրդի վրա, և այժմ Սան Շամասին դարձել է նրանց համար ուխտագնացության վայր: Առաջ որևէ նյութ հնարավոր չէր գտնել Դարթիջ դե Ֆուրնեի մասին, իսկ այժմ բազում տեսանյութեր ու գրություններ կան նավապետի մասին, որոնք հասանելի են բոլորին:
Այդ օրը միջոցառմանը ներկա էին նահանգապետը` նախկին նավապետ, շրջանային խորհուրդը իր ղեկավարով, Ֆրանսիայի գյուղական խորհուրդների նախագահը` ծագումով հայ Վանիկ Բերբերյանը, և այլ պետական անձիք: Եղանակային պայմանները խիստ էին. անձրևոտ ու ցուրտ եղանակ էր, սակայն երկինքը շուտով պայծառացավ:
Օրվա գլխավոր իրադարձությունը հուշաքարի տեղադրումն էր գերեզմանի վրա: Մարմարե հուշաքարը իրենից ներկայացնում է ծալված սավան` վրան կարմիր խաչ, նույն սավանը, որը տեսնելով լեռան վրա, Ֆրանսիական նավերը մոտեցան ափին: Այդ սավանը մինչ այսօր մեծ գուրգուրանքով պահվում է Այնջարի Մուսալեռան թանգարանում: Մարմարի վրա նույն տեսքով ծալված վիճակում քանդակել է Աղասին:


Այս միջոցառումից երեք օր առաջ Այնջարի եկեղեցում հատուկ հոգեհանգստի արարողություն կատարվեց Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին, մարմարյա խաչը օրհնվեց գյուղի երեք համայնքապետերի կողմից: Օրհնությամբ և ժողովրդի համբույրներով մուսալեռցիները իրենց ոգին դրոշմեցին քարի վրա և ուղարկեցին Ֆրանսիա: Այժմ Ֆրանսիայում չեն դադարում այցելությունները Դարթիջ դե Ֆուրնեի գերեզմանին:


Քարի հետ մեկտեղ տեղադրվեց մի ցուցանակ, որի վրա գրված է, որ Մուսա Լեռան ժողովուրդը հերոսական պայքարից հետո ազատագրվել է Ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիջ դե ֆուրնեի կողմից: Իսկ ներքևում հայատառ գրվել է ` Ծովակալ Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:

Այնջարում և Սան Շամասիում կատարված արարողությունները միատեղելով, կարող ենք ասել, որ մուսալեռցիները իրենց երախտագիտության տուրքը մատուցեցին: Այս երթը պետք է շարունակել: Նման ձևով ավելի կսերտանան հայ-ֆրանսիական հարաբերությունները: Սան Շամասիի գյուղապետը ցանկություն հայտնեց, որ Սան Շամասին և Մուսալեռ ավանը դառնան քույր գյուղեր:
Միջոցառումը եզրափակվեց եկեղեցում «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգով:»

բոլոր նկարները…
Մուսալեռցիների ազատարար նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի մահվան 70-րդ տարելիցը: Զրույց Թովմաս Այնթաբյանի հետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Լուի Դարթիջ դե Ֆուրնե, Հարցազրույց, Մուսալեռցիներ | February 17th, 2010

Նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեին` մուսալեռցիների ազատարար նավապետին, երախտապարտ են բոլոր մուսալեռցիները ու միշտ հիշել և խոսել են իր մասին, սակայն մինչ այսօր գրեթե ոչինչ հայտնի չէր իր կյանքի մասին:
Թովմաս Այնթաբյանը, ծագումով մուսալեռցի, երկար տարիներ հետաքրքրվել ու զբաղվել է նավապետի կյանքին ծանոթանալու և նրա տունն ու գերեզմանը գտնելու ուղղությամբ: Վերջապես, օրերս գտնվելով Ֆրանսիայում` նրան հաջողվել է ստույգ պարզել, թե իր կյանքի վերջին տարիները որտեղ է անցկացրել և թաղվել նավապետը:
Զրույցի ժամանակ Թովմաս Այնթաբյանը մանրամասն պատմեց Լուի Դարթիջ դե Ֆուրնեի կենսագրությունը և այն, թե ինչպես նրան հաջողվեց գտնել նավապետի տունն ու գերեզմանը:
Թովմաս Այնթաբյանի խոսքը.
« Լուի Դարթիջ դե Ֆուրնեն ծնվել է 1856թ. Ֆրանսիայի Հյուսիս-Արևմուքում` Բրոտոնի Օրնի շրջանում: Նախապես նրա անունը եղել է Լուի Դարթիջ: Ավելի ուշ նա իր ազգանվանը ավելացրել է դե Ֆուրնե մականունը` վերցված իր հոր մորական արիստոկրատական ազգանունից: Զինվորական կրթություն ստանալով և Ֆրանսիայի ռազմածովային ուժերում ծառայելով` ի վերջո ստեցել է ծովակալի կոչում: 1914թ. 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է Միջերկրական ծովի ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալ: Մուսա լեռան 40 օրերի ամենածանր և հուսահատ վերջավորությանը նավատորմի «Կիշեն» ռազմանավի անձնակազմը հեռվում նկատում է լեռան վրա պարզված սպիտակ սավանը և հետաքրքրվելով` նավը ուղղում այդ ուղղությամբ: Տեսնելով սավանի վրայի կարմիր խաչը` նրանք ավելի են մոտենում ափին: Այդ ժամանակ Մովսես Կրիկյան անունով մի մուսալեռցի, լինելով հմուտ լողորդ, լողալով նավին է մոտենում և փոխանցում նախօրոք գրված նամակները, որտեղ մուսալեռցիները խնդրում էին կանանց և երեխաներին տեղափոխել ապահով տեղ, իսկ տղամարդկանց զենք տրամադրել` կռվելու ու լեռը պաշտպնելու համար: Այնուհետև նավ է բարձրանում նաև Պետրոս Տմլակյանը, որը լավ ֆրանսերենի գիտակ էր` մնալով նավի վրա: Այդ ժամանակ Լուի Դարթիջ դե Ֆուրնեն նավի վրա չի լինում: Պետրոս Տմլակյանը կարողանում է անձնակազմին ճիշտ բացատրել ստեղծված դրությունը ու համոզել, որ ռազմանավը ռմբակոծի թուրքական դիրքերը` խուճապի մատնելով թուրքերին: Այս ամենից հետո ռազմանավը գնում է Կիպրոս, որպեսզի զեկուցի Դարթիջ դե Ֆուրնեին կատարվածի մասին: Նա հասկանում է հարցի լրջությունը և հեռագիր ուղարկում Ֆրանսիա` ներկայացնելով ստեղծված իրավիճակը: Բայց իմանալով ֆրանսիական երկար թղթաբանությունը, տեղում որոշում է չորս հածանավեր ուղարկել Մուսա լեռ` տեղափոխելու ողջ ժողովրդին: Միևնույն ժամանակ դիմում է Կիպրոսին` մուսալեռցիներին տեղ հատկացնելու հարցով, բայց ստանում է բացասական պատասխան: Շուտով դիմում է Եգիպտոսի ֆրանսիական և բրիտանական պաշտոնյաներին ու կարողանում համոզել, որ նրանք Պորտ Սաիդում վրանաքաղաք պատրաստեն 4058 մուսալեռցիների համար: Մինչ նավերը տեղափոխում են մուսալեռցիներին, վրանաքաղաքը պատրաստվում է, և մուսալեռցիները հաստատվում են Պորտ Սաիդ անապատում: Ժողովրդին Պորտ Սաիդ տեղափոխելուց երեք ամիս հետո միայն Կիպրոս է հասնում պատասխան հեռագիրը, որտեղ ֆրանսերենով գրված է լինում` «Ou se trouve mont Moise (որտե՞ղ է գտնվում Մովսեսի լեռը)»:
Եթե Դարթիջ դե Ֆուրնեն չենթարկվեր իր խղճի ձայնին` վտանգի ենթարկելով իր ռազմական կարիերան, այլ ղեկավարվեր ռազմական օրենքներով, ապա ոչ մի մուսալեռցի չէր կարող փրկվել:
1916թ. Լուի Դարթիջ դե Ֆուրնեն պաշտոնանկ է արվում` ավարտելով իր զինվորական ծառայությունը: Նա ժառանգ չի ունենում և պաշտոնանկ լինելուց հետո ամուսնանում է մի այրի կնոջ հետ ու միասին ապրում Ֆրանսիայի հարավարևմտյան շրջանում` մի համեստ ու գեղեցիկ տանը:


Հիմա պատմեմ թե ինչպես գտա նրա տունը և գերեզմանը: Ես երկար ժամանակ է հետաքրքրվում էի ու փորձում որևէ լուր իմանալ դե Ֆուրնեի մասին իր ապրած շրջանից: Վերջապես այնտեղի հնագիտական հետազոտությունների աշխատակիցներից մեկը պատահաբար գրքում կարդում է, որ այս ինչ տանը ապրել է Լուի Դարթիջ դե Ֆուրնեն, որը մահացել և թաղվել է Սան Շամասի գյուղում: Այս ամենը իմանալով կապվեցի Սան Շամասի գյուղի գյուղապետի հետ` խնդրելով պարզել տան ու գերեզմանի տեղը: Շուտով նա ինձ ուղարկեց քարտեզի վրա պատկերված գերեզմանի և տան ճիշտ տեղը: Քարտեզի միջոցով կարողացա գտնել իր գերեզմանը և տունը` որը պատկանել է Դարթիջ դե Ֆուրնեի ազգականին: Տապանաքարի վրա, որը արդեն մամռակալել ու քայքայվել էր, դեռ պահպանվել էր հետևյալ գրությունը. «Louis DARTIGE DU FOURNET 1856-1940» :
Այս ամենը ինձ համար մեծ հայտնություն էր: Ի դեպ, այսօր` փետրվարի 17-ին, լրանում է Լուի Դարթիջ դե Ֆուրնեի մահվան 70-րդ տարելիցը: »








