Արխիվ | "Միջոցառում" կատեգորիա
Ամանորյա հավաքույթ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Միջոցառում | January 4th, 2012

Հունվարի 4-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները միասին նշեցին Ամանորը: Միջոցառմանը ներկա էին շուրջ 50 մուսալեռցիներ:
Հավաքույթն անցավ ակտիվ և ուրախ մթնոլորտում, ողջ ընթացքում չդադարեցին երգն ու պարը: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին բազում ճանաչողական և հումորային խաղեր և մրցույթներ, որոնց հաղթողները երիտասարդական թևի վարչության կողմից ստացան փոքրիկ նվերներ:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Սարգիս և Նորա Շիրիկյաններին ամանորյա հավաքույթի նպատակով սիրահոժար կերպով սրահը երիտասարդներին տրամադրելու համար:
Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Թերթեր, Միջոցառում, Մուսալեռ, Տոնակատարություն | September 18th, 2011

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄՈՒՍԱԼԵՌՑԻ:
Լրացավ Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը: Իրադարձություն, որը մեծ տոն է ոչ միայն մուսալեռցիների, այլև ողջ հայության համար: Դեռ շաբաթ օրվանից` սեպտեմբերի 17-ին, մարդկանց մեծ հոսք էր սկսվել դեպի Մուսալեռան հուշահամալիր: Ամենուր տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն. երիտասարդները ճամբարներ էին հիմնում, Հայրենակցական միության անդամները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ: Երեկոյան արդեն հուշարձանի շրջակայքը շատ մարդաշատ էր: Դեռ հեռվից լսվում էին Մուսալեռան թմբուկի ու զուռնայի ոգեշնչող հնչյունները:


Մինչ ներկաները շուրջպար էին բռնել, պարում ու երգում էին, հարիսայատանը արդեն սկսվել էր ավանդական հարիսայի պատրաստման բարդ գործընթացը: Խորհրդանշական 96 կաթսաների տակ վառվում էր կրակը, որը շարունակվեց մինչև առավոտ:

Ավելի ուշ վառվեց մեծ խարույկ, որի շուրջ թմբուկի ուժգին հարվածների տակ շրջան կազմեցին հարյուրավոր մուսալեռցիներ և ուղղակի այցելուներ: Երգն ու պարը ուղեկցվեցին հրավառությամբ:

Ուշ երեկոյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ճամբար անակնկալ այցելություն կատարեց Այնջարի քաղաքապետ Կարո Փամբուկյանը: Նա ծանոթացավ մուսալեռցի երիտասարդների հետ և խարույկի շուրջ նստած ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց Այնջարի ողջ պատմությունը հիմնադրման օրվանից: Թեև կարճատև, բայց հաճելի և հանգամանալից հանդիպումը քաղաքապետի հետ ավարտվեց խմբակային լուսանկարով:

Ողջ գիշեր երիտասարդական թևի ճամբարում տիրեց ուրախ և տոնական մթնոլորտ: Առավոտյան մուսալեռցի երիտասարդների օգնությամբ ավարտին հասցվեց հարիսայի պատրաստումը:


Կիրակի` սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր կերպով Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակին նվիրված տոնախմբությունը հայտարարվեց բացված: Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը: Հավաքված հարյուրավոր հանդիսականներին բեմահարթակից իրենց խոսքն ասացին միության նախագահ Պերճ Ղազարյանը, երիտասարդական թևի անդամներ Կարինե Փանոսյանը և Արամ Շարբաթյանը, Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը, ԱՄՆ Հայ-Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և այլ պատվավոր հյուրեր: Ելույթներին հաջորդում էին ազգային երգերն ու պարերը. ներկայացան մի շարք ազգագրական պարային խմբեր և երգիչներ:

Այս ողջ ընթացքում երիտասարդ մուսալեռցիները հարիսայատանը համապատասխան տարաների մեջ տեղափոխեցին հարիսան, որը բաժանվելու էր ներկաներին:


Թմբուկ-զուռնայի և ժողովրդի ուղեկցությամբ պատվավոր հյուրերը եկան հարիսայատուն: Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը օրհնեց հարիսան, որից հետո երիտսարդները հերոսամարտի 18 նահատակների և 4000-ից ավել փրկվածների հիշատակի մատաղ հարիսան բաժանեցին ժողովրդին:


Լրատվամիջոցներ. panorama.am-ը, epress.am-ը, neonews.am-ը, armradio.am-ը օրվա վերաբերյալ:
բոլոր նկարները…
3-րդ ընդհանուր ժողովը: Արշավ դեպի Մուղնի և Օշական
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Արշավ, Ժողով, Միջոցառում, Վարչություն | May 29th, 2011

Մայիսի 29-ի առավոտյան մեծ ավտոբուսը շարժվեց Երևանից: Օրը սկսվեց արշավներով: Մինչ ժողովը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները այցելեցին Մուղնիի և Կարմրավոր եկեղեցիները: Կեսօրին ավտոբուսը ժամանեց Օշական, որտեղ էլ քիչ հանգստից հետո սկսվեց երրորդ ընդհանուր ժողովը: Ներկա էին շուրջ 40 երիտասարդներ` այդ թվում միությանը նոր անդամագրվածներ:


Ժողովի բացումը արեց երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը և ժողովը շարունակելու համար առաջարկեց ընտրել ընդհանուր ժողովի նախագահ և քարտուղար: Ներկաները որպես ժողովի նախագահ ընտրեցին Հովհաննես Դերմիշյանին, իսկ քարտուղար` Շուշաննա Բալաբանյանին: Ժողովը շարունակվեց ըստ նախապես կազմված օրակարգի: Աբրահամ Բալաբանյանը համառոտ ներկայացրեց 2010-2011 տարվա հաշվետվությունը, խոսեց իրականացված ձեռնարկներից, լուսաբանված միջոցառումներից, կայքից, միության ներկայիս վիճակից: Երիտասարդական թևի գանձապահ Վահե Կրրիկյանը ներկայացրեց տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետվության ավարտից հետո եղան քննարկումներ. ներկաները արեցին իրենց դիտեղությունները և առաջարկները:
Ժողովի վերջում բաց քվեարկությամբ միաձայնորեն ընտրվեց 7 հոգանոց վարչական նոր կազմ: Նորընտիր վարչության անդամներն են` Շուշաննա Բալաբանյանը, Վիկտորիա Մարտիրյանը, Գոհար Ջամբազյանը, Աբրահամ Բալաբանյանը, Հովհաննես Դերմիշյանը, Հակոբ Աշկարյանը և Արամ Շարբաթյանը:


Ժողովին հաջորդեց ուրախ և սպորտային ժամանց բնության գրկում: Երեկոյան երիտասարդները արդյունավետ ժողով և հաճելի օր ունենալուց հետո մեծ տպավորություններով վերդարձան տուն:
Մեր 2-րդ տարեդարձը: Սբ. Սարգիս
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Միջոցառում, Սբ. Սարգիս, Տարեդարձ | February 19th, 2011


Փետրվարի 19-ին, Սբ Սարգսի տոնին, մեծ խանադավռությամբ նշվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը: Ներկա էին երիտասարդական թևի 40 անդամներ:
Երիտասարդները միմյանց մաղթեցին 3-րդ տարդարձը նշել նաև նոր անդամներով, իսկ այս մեկ տարվա ընթացքում իրականացնել նորանոր ծրագրեր և նոր ուժով շարունակել բռնած ուղին:
Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր տոնական և ջերմ տրամադրություն: Օրվա վերջում, տոնական տորթի հանդիսավոր կերպով բերվելուց հետո, բոլոր մուսալեռցիները շրջան կազմեցին ու պարեցին Մուսա լեռան ավանդական «Դաբկե» պարը:
Ամանորյա միջոցառում և Ազգային պար
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Միջոցառում, Նարեկացի, Պարեր | January 9th, 2011

Երիտասարդ մուսալեռցիների նորամուտ տարվա առաջին միջոցառումը տեղի ունեցավ հունվարի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում: Ներկա էին շուրջ 50 երիտասարդներ և հյուրեր: Երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց, ապա ամփոփեց անցած տարին: Միջոցառումը շարունակվեց տեսանյութի դիտումով, որը ներկայացնում էր «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի երկու տարվա գործունեությունը:
Երիտասարդական թևի խորհրդական Գաբրիել Փանոսյանը ողջունեց ու ներկայացրեց հյուրերին` Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյաններին և «Կարին» ազգագրական պարերի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին: Ապա բոլորը պատրաստվեցին սովորելու Հայոց Ազգային պարը:


Գագիկ Գինոսյանը նախ խոսեց Ազգային պարին ճիշտ տիրապետելու կարևորության մասին, և նոր միայն սկսվեց պարերի ուսուցանումը: Ամեն պար սովորելուց առաջ նա պատկերավոր կերպով ներկայացրեց տվյալ պարի խորհուրդը, շարժումների իմաստը, բնույթը և անվանման ծագումը` էլ ավելի մեծացնելով երիտասարդների հետաքրքրությունը դեպի պարը: Ներկաները շարժում առ շարժում լիարժեք սովորեցին երկու պար:
Վերջում մուսալեռցիները պարեցին Մուսա լեռան ավանդական «Դաբկե» պարը և պայմանավորվեցին Գագիկ Գինոսյանի հետ այս մեկ տարվա ընթացքում պարերի վերածել բոլոր հայտնի Մուսա լեռան երգերը:
Ազգային պարի Մեծ վարպետը` լինելով նաև Մեծ հայրենասեր, քաջալերեց մուսալեռցի երիտասարդներին ու հորդորեց շարունակել բռնած ճիշտ ուղին:
Օրվա վերջում բոլորը բարձրացրին բաժակները և միմյանց շնորհավորեցին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:















