Արխիվ | "Մուսալեռ" կատեգորիա
Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Թերթեր, Միջոցառում, Մուսալեռ, Տոնակատարություն | September 18th, 2011

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄՈՒՍԱԼԵՌՑԻ:
Լրացավ Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը: Իրադարձություն, որը մեծ տոն է ոչ միայն մուսալեռցիների, այլև ողջ հայության համար: Դեռ շաբաթ օրվանից` սեպտեմբերի 17-ին, մարդկանց մեծ հոսք էր սկսվել դեպի Մուսալեռան հուշահամալիր: Ամենուր տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն. երիտասարդները ճամբարներ էին հիմնում, Հայրենակցական միության անդամները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ: Երեկոյան արդեն հուշարձանի շրջակայքը շատ մարդաշատ էր: Դեռ հեռվից լսվում էին Մուսալեռան թմբուկի ու զուռնայի ոգեշնչող հնչյունները:


Մինչ ներկաները շուրջպար էին բռնել, պարում ու երգում էին, հարիսայատանը արդեն սկսվել էր ավանդական հարիսայի պատրաստման բարդ գործընթացը: Խորհրդանշական 96 կաթսաների տակ վառվում էր կրակը, որը շարունակվեց մինչև առավոտ:

Ավելի ուշ վառվեց մեծ խարույկ, որի շուրջ թմբուկի ուժգին հարվածների տակ շրջան կազմեցին հարյուրավոր մուսալեռցիներ և ուղղակի այցելուներ: Երգն ու պարը ուղեկցվեցին հրավառությամբ:

Ուշ երեկոյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ճամբար անակնկալ այցելություն կատարեց Այնջարի քաղաքապետ Կարո Փամբուկյանը: Նա ծանոթացավ մուսալեռցի երիտասարդների հետ և խարույկի շուրջ նստած ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց Այնջարի ողջ պատմությունը հիմնադրման օրվանից: Թեև կարճատև, բայց հաճելի և հանգամանալից հանդիպումը քաղաքապետի հետ ավարտվեց խմբակային լուսանկարով:

Ողջ գիշեր երիտասարդական թևի ճամբարում տիրեց ուրախ և տոնական մթնոլորտ: Առավոտյան մուսալեռցի երիտասարդների օգնությամբ ավարտին հասցվեց հարիսայի պատրաստումը:


Կիրակի` սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր կերպով Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակին նվիրված տոնախմբությունը հայտարարվեց բացված: Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը: Հավաքված հարյուրավոր հանդիսականներին բեմահարթակից իրենց խոսքն ասացին միության նախագահ Պերճ Ղազարյանը, երիտասարդական թևի անդամներ Կարինե Փանոսյանը և Արամ Շարբաթյանը, Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը, ԱՄՆ Հայ-Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և այլ պատվավոր հյուրեր: Ելույթներին հաջորդում էին ազգային երգերն ու պարերը. ներկայացան մի շարք ազգագրական պարային խմբեր և երգիչներ:

Այս ողջ ընթացքում երիտասարդ մուսալեռցիները հարիսայատանը համապատասխան տարաների մեջ տեղափոխեցին հարիսան, որը բաժանվելու էր ներկաներին:


Թմբուկ-զուռնայի և ժողովրդի ուղեկցությամբ պատվավոր հյուրերը եկան հարիսայատուն: Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը օրհնեց հարիսան, որից հետո երիտսարդները հերոսամարտի 18 նահատակների և 4000-ից ավել փրկվածների հիշատակի մատաղ հարիսան բաժանեցին ժողովրդին:


Լրատվամիջոցներ. panorama.am-ը, epress.am-ը, neonews.am-ը, armradio.am-ը օրվա վերաբերյալ:
բոլոր նկարները…
Զրույց Մուսա լեռան Վագըֆ գյուղի գյուղապետի հետ | NEWS.am
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Թերթեր, Հարցազրույց, Մուսալեռ | May 17th, 2011

Թուրքիայի Հաթայ նահանգի Մուսա լեռան ստորոտին գտնվող հայաբնակ Վագըֆ գյուղի երիտասարդությունը տարբեր պատճառներով հեռանում է ծննդավայրից՝ թողնելով գյուղում միայն տարեցներին:
Ցեղասպանությունից փրկված և այնուհետ կրկին իրենց գյուղը վերադարձած Թուրքիայի միակ հայկական գյուղի բնակիչների թիվը տարեցտարի նվազում է: Գյուղի երիտասարդների մի մասը հեռանում է Թուրքիայի մեծ քաղաքներ կամ արտասահման՝ հիմնականում աշխատանք գտնելու և սովորելու համար:
Ինչեպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վագըֆից, գյուղապետ Պերճ Քարթունը հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 100 տոկոս հայերով բնակեցված գյուղի խնդիրները: Պերճ Քարթունն անդրադառնալով երիտասարդների զբաղվածության խնդրին, նշել է, թե այն լուծելու համար իրենք կոոպերատիվ են ստեղծել և երիտասարդներին ներգրավել դրա աշխատանքների մեջ: «Երիտասարդներին գյուղում պահելու համար անհրաժեշտ է տնտեսություն զարգացնել: Աշխատում ենք մեծացնել մեր ստեղծած կոոպերատիվի հնարավորությունները, սակայն ամեն ինչ դանդաղ է առաջ գնում», -նշել է հայազգի գյուղապետը:
NEWS.am-ի թղթակիցը գյուղապետից հետաքրքրվել է, թե հայկական գյուղում վերջին հարսանիքը ե՞րբ է եղել, սակայն Պերճ Քարթունը դժվարացել է հիշել՝ խնդրելով համագյուղացիներին հուշել իրեն: Ցավոք, համագյուղացիները ևս հստակ չեն կարողացել նշել, թե երբ է տեղի ունեցել: «Հստակ չեմ հիշում, պետք է մատյանի մեջ նայել: Կարծում եմ 5 տարի առաջ էր», -ասել է գյուղապետը՝ դժվարանալով հիշել նույնիսկ, թե ում են վերջին անգամ ամուսնացրել:
Քարթունը շեշտել է, որ գյուղի բնակչությունը գնալով նվազում է՝ նշելով, որ գյուղն ունի 135 բնակիչ, սակայն 10 տարի առաջ այդ թիվն անցնում էր 180-ից: «Վերջին 2 տարում գյուղում ծննուդներ չեն գրանցվել, սակայն նախորդ շաբաթվա ընթացքում 2 մահ է գրանցվել: Գյուղի երիտասարդ տղաները չեն ամուսնանում, աղջիկ չկա: Հայաստանցի աղջիկները չեն ցանկանում ամուսնանալ Թուրքիայում ապրող հայերի հետ, իսկ ստամբուլահայերը չեն ցանկանում գյուղ տեղափոխվել»,-նշել է գյուղապետը:
Անդրադառնալով գյուղի մշակույթային և կրթական կյանքին, Պերճ Քարթունը ցավով նշել է, որ երեխաները հայերեն են սովորում ընտանիքում կամ Ստամբուլից իրենց գյուղ եկող Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներն են նրանց հետ զբաղվում հայերենի ուսուցմամբ: «Գյուղի երեխաների համար ստեղծել ենք մանկական երգչախումբ, նրանց հայկական երգեր ենք սովորեցնում: Նրանք մասնակցում են գյուղի եկեղեցում իրականացվող պատարագներին», -ընդծել է Պերճ Քարթունը:


Ըստ news.am-ի
Լուսանկարների ցուցահանդես: Ֆիլմի դիտում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, «Մուսա Լեռան 40 Օրը», Այնջար, Թերթեր, Միջոցառում, Մուսալեռ, Մուսալեռցիներ, Նարեկացի, Ցուցահանդես | September 16th, 2010
Սեպտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակի առթիվ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում` «Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարներ» խորագրով: Ներկայացված էին շուրջ 150 լուսանկարներ` 1915-2010թթ. բոլոր ժամանակաշրջաններով: Լուսանկարներում պատկերված են 1915թ. Ֆրանսիական նավերով մուսալեռցիների փրկությունը, ֆրանսիական վեց նավերը, 1915-1919թթ. Պորտ Սաիդի վրանաքաղաքից տեսարաններ, 1919-1939թթ. Մուսա լեռան և նրա վեց գյուղերի դրվագներ, 1939թ. Պասիթը և արտագաղթը, 1939-2010թթ. Այնջարը և ներկայիս Մուսա լեռը:


Լուսանկարների մեծ մասը` բացառությամբ Մուսա լեռան և Այնջարի այսօրվա լուսանկարների, բերված են Այնջարից, որտեղ նույնպես կայացել էր նմանատիպ ցուցահանդես: Լուսանկարների հեղինակներն են մուսալեռագետ Վահրամ Շեմեսյանը և Լևոն Թաշչյանը:
Ձեռնարկին ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը, երիտասարդական թևի անդամները, Վագֆից ժամանած մուսալեռցիներ և այլոք:


Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Իր խոսքում նա ներկայացրեց ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնեց Այնջարի «Կարմիր լեռ» կոմիտեությանը, Վահրամ Շեմեսյանին, Լևոն Թաշչյանին, Գաբրիել Փանոսյանին և «Նարեկացի» արվեստի միությանը ցուցահանդեսի կայացման համար, ինչպես նաև պատմեց դեպի Մուսա լեռ կատարված ուխտագնացության մասին:


Ապա խոսեց «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը: Նա ներկայացրեց Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միությունը և խոսքը փոխանցեց Հակոբ Հերգելյանին: Վագֆցիների անունից նա ողջույնի խոսք ասաց ներկաներին, որից հետո բոլորը ունկնդրեցին Այնջար-70 երգը` էկրանին տեսնելով Այնջարի լուսանկարներ` հիմնադրումից 70 տարի անց: Երգը ուղեկցվեց պարով:


Տեսանյութի ավարտից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված լուսանկարները:
Օրվա վերջում ցուցադրվեց «Մուսա լեռան 40 օրը» ֆիմը հայերեն թարգմանությամբ` նկարահանված Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա:


Ձեռնարկի հեղինակը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևն էր:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տոնակատարությունների ավարտը` սեպտեմբերի 19:
Օրվա միջոցառման մասին գրել են PANORAMA.AM, A1PLUS.AM, ARMENPRESS.AM, ASBAREZ.COM, NAREGATSI.ORG վեբ-կայքերը:
Ուխտագնացություն դեպի Մուսա լեռ և Քեսապ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Մուսալեռ, Մուսալեռցիներ, Ուխտագնացություն | August 13th, 2010


Օգոստոսի 13-ին, կեսգիշերին Այնջարից սկսվեց ուխտագնացություն դեպի Մուսա լեռան պատմական վեց գյուղեր և Քեսապ: Բարեմաղթանքներ և օրհնություն ստանալուց հետո շուրջ 150 մուսալեռցիներ երեք մեծ ավտոբուսներով ճանապարհ ընկան:
Կտրել անցնելով Սիրիայի ողջ տարածքը` 15 ժամվա երկար ու հոգնեցուցիչ ճանապահից հետո ուխտավորները հասան Մուսա լեռ` Քեբուսյեի ծովեզերք, որտեղ ճաշեցին ու հանգստացան մուսալեռցու պատկանող հյուրանոցում:


Նույն օրը երեկոյան ուխտավորներն այցելեցին Վագֆ գյուղ, Թուրքիայի միակ հայկական գյուղը, որտեղ մինչ այսօր ապրում են մուսալեռցիներ: Գյուղում ճաշակեցին Վագֆցիների պատրաստած համեղ ուտեստները և մինչև ուշ գիշեր զվարճացան Մուսալեռան թմբուկի ու զուռնայի երաժշտության ներքո:


Հաջորդ օրը առավոտյան սկսվեց շրջագայությունը Մուսալեռան պատմական գյուղերով: Առաջին գյուղը Խդրբեկն էր, որի սառնորակ ջուրը խմելուց հետո, պատմական սոսիի դիմաց բոլորը շրջան կազմեցին և պարեցին ավանդական “տապկե” պարը: Հենց այս սոսիի դիմաց էլ առաջին անգամ երգվեց «Այնջար-70» երգը: Ուխտավորները, սոսիի դիմաց խմբակային լուսանկարից հետո, սկսեցին շրջել գյուղով:




Խդրբեկից բոլորը ուղևորվեցին դեպի Յողնուլուխ գյուղ: Գյուղով շրջելուց հետո մուսալեռցիները հավաքվեցին Առաքելական կիսաքանդ եկեղեցում, որը այժմ վերածվել է մզկիթի: Տեր Հայրը, որ կնքվել էր այդ եկեղեցում, հուզիչ պատմություններ պատմեց, ապա միասին երգեցին “Հայր Մեր”-ը:




Հաջորդ գյուղը Հաջի-Հաբաբլին էր: Ամբողջ գյուղը շրջելուց հետո ուխտավորները շարժվեցին Բիթիաս, որը ամենից մոտն է գտնվում Մուսա լեռանը:


Մուսալեռցիները վայելեցին Բիթիասի անմահական աղբյուրի ջուրը, շրջեցին գյուղով, տեսան մզկիթի վերածված Ավետերանական եկեղեցին, բակում գտնվող պատմական սոսին, ապա այցելեին դեռևս կանգուն Առաքելական եկեղեցի: Այս եկեղեցին կիսակառույց է, գմբեթը բացակայում էր: Եկեղեցում միասին երգեցին “Տեր Ողորմյա”-ն:






Վերջում մուսալեռցիները գնացին տեսնելու Բիթիասի հայտնի կամուրջը, ապա լվացվեցին գետում:


Բիթիաս գյուղից ուխտը շարունակվեց դեպի Քեբուսյե: Քեբուսյեում ուխտավորները շրջեցին գյուղի փողոցներով և բարձրացան Սբ. Սարգսի աստիճաններով դեպի բարձր ժայռը, որտեղ աղոթեցին:


Այս շրջագայության ընթացքում շատերը գտան իրենց պապենական տները, շատերն էլ` ոչ, քանդված էին: Ամեն գյուղ մտնելուց առաջ խոսվում էր այդ գյուղի պատմության և մարդկանց մասին: Ողջ ուղևորությունը անցավ հուզիչ մթնոլորտում:
Վերջին գյուղը Վագֆն էր, որտեղ արդեն հավաքվել էին բազում մուսալեռցիներ, հնչում էր թմբուկի ձայնը, և կաթսաներում եփվում էր հարիսան: Վագֆում ելույթ ունեցան և գյուղին նվիրատվություններ կատարեցին շատ մուսալեռցիներ: Մինչև ուշ գիշեր տևած երգ ու պարից հետո, ուխտավորները վերադարձան ծովեզերք, հյուրանոցներ:




Հաջորդ օրը առավոտյան Վագֆի եկեղեցում բոլորը ներկա գտնվեցին պատարագին, հարիսայի օրհնությանը, ճաշակեցին մատաղը` համեղ հարիսան և հրաժեշտ տվեցին Մուսա լեռին: Ավտոբուսները ուղևորվեցին դեպի Քեսապ, Սիրիա: Քեսապում մուսալեռցիները իջևանեցին ազգությամբ հայի պատկանող հյուրանոցում, մինչ ուշ երեկո մասնակցեցին խնջույքին և զվարճացան: Կեսգիշերին ոմանք այցելեցին հարիսայատուն, որտեղ արդեն եփվում էր հարիսան, իսկ մեծ սոսիի դիմաց նվագում էր թմբուկը, և պար էին բռնել քեսապցիները: Հաջորդ առավոտյան ուխտավորները մասնակցեցին Քեսապի եկեղեցում պատարագին, ճաշակեցին հարիսան:




Ուխտագնացությունն այսքանով ավարտվեց: Կեսօրին ավտոբուսները շարժվեցին: Ուշ երեկոյան ուխտվորները մեծ տպավորություններով բարեհաջող հասան Այնջար:
Մուսալեռան հերոսամարտի 94-րդ տարելիցը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռ, Տոնակատարություն | September 20th, 2009
Սեպտեմբերի 20-ին մեծ շուքով և ոգևորությամբ նշվեց Մուսալեռան հաղթական հերոսամարտի 94-րդ տարելիցը:
Դեռ նախորդ օրվանից նվագում էին զուռնան ու դհոլը:


Ավանդական դարձած հարիսան որպես մատաղ ժողովրդին բաժանելու պարտականությունը ստանձնեցին <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները:




Տոնակատարությանը ներկա էին տարբեր երաժշտական խմբեր, որոնք հուշարձանի դիմաց ներկայացան իրենց երգով ու պարով:


Ժամը 11.00-ին սկսվեց միջոցառման պաշտոնական մասը: Պատվանդանից հանդիսավոր բացման խոսքը հնչեցրեց երիտասարդական թևի վարչության անդամ Սոսի Ղազարյանը: Այնուհետև իր խոսքն ասաց հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը և խնդրեց բոլորին մեկ րոպե լռությամբ հարգել Մուսալեռան հերոսների հիշատակը: Ապա հնչեց ՀՀ օրհներգը: Տոնակատարությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք նույնպես ելույթ ունեցան:


Այս ամբողջ ընթացքում երիտասարդները մոտ 80 կաթսաներից հարիսան տեղափոխեցին տուփերի մեջ: Պաշտոնական մասի ավարտից հետո բոլորը զուռնա-դհոլի ուղեկցությամբ եկան հարիսայատուն: Սրբազանը օրհնեց հարիսան, որից հետո ողջ մատաղը բաժանվեց ժողովրդին:




Վերջում` հարիսան ուտելուց և երգ ու պարից հետո, միջոցառումը եզրափակվեց:







