Արխիվ | "Նարեկացի" կատեգորիա
Ամանորյա միջոցառում և Ազգային պար
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Միջոցառում, Նարեկացի, Պարեր | January 9th, 2011

Երիտասարդ մուսալեռցիների նորամուտ տարվա առաջին միջոցառումը տեղի ունեցավ հունվարի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում: Ներկա էին շուրջ 50 երիտասարդներ և հյուրեր: Երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց, ապա ամփոփեց անցած տարին: Միջոցառումը շարունակվեց տեսանյութի դիտումով, որը ներկայացնում էր «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի երկու տարվա գործունեությունը:
Երիտասարդական թևի խորհրդական Գաբրիել Փանոսյանը ողջունեց ու ներկայացրեց հյուրերին` Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյաններին և «Կարին» ազգագրական պարերի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին: Ապա բոլորը պատրաստվեցին սովորելու Հայոց Ազգային պարը:


Գագիկ Գինոսյանը նախ խոսեց Ազգային պարին ճիշտ տիրապետելու կարևորության մասին, և նոր միայն սկսվեց պարերի ուսուցանումը: Ամեն պար սովորելուց առաջ նա պատկերավոր կերպով ներկայացրեց տվյալ պարի խորհուրդը, շարժումների իմաստը, բնույթը և անվանման ծագումը` էլ ավելի մեծացնելով երիտասարդների հետաքրքրությունը դեպի պարը: Ներկաները շարժում առ շարժում լիարժեք սովորեցին երկու պար:
Վերջում մուսալեռցիները պարեցին Մուսա լեռան ավանդական «Դաբկե» պարը և պայմանավորվեցին Գագիկ Գինոսյանի հետ այս մեկ տարվա ընթացքում պարերի վերածել բոլոր հայտնի Մուսա լեռան երգերը:
Ազգային պարի Մեծ վարպետը` լինելով նաև Մեծ հայրենասեր, քաջալերեց մուսալեռցի երիտասարդներին ու հորդորեց շարունակել բռնած ճիշտ ուղին:
Օրվա վերջում բոլորը բարձրացրին բաժակները և միմյանց շնորհավորեցին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Լուսանկարների ցուցահանդես: Ֆիլմի դիտում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, «Մուսա Լեռան 40 Օրը», Այնջար, Թերթեր, Միջոցառում, Մուսալեռ, Մուսալեռցիներ, Նարեկացի, Ցուցահանդես | September 16th, 2010
Սեպտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակի առթիվ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում` «Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարներ» խորագրով: Ներկայացված էին շուրջ 150 լուսանկարներ` 1915-2010թթ. բոլոր ժամանակաշրջաններով: Լուսանկարներում պատկերված են 1915թ. Ֆրանսիական նավերով մուսալեռցիների փրկությունը, ֆրանսիական վեց նավերը, 1915-1919թթ. Պորտ Սաիդի վրանաքաղաքից տեսարաններ, 1919-1939թթ. Մուսա լեռան և նրա վեց գյուղերի դրվագներ, 1939թ. Պասիթը և արտագաղթը, 1939-2010թթ. Այնջարը և ներկայիս Մուսա լեռը:


Լուսանկարների մեծ մասը` բացառությամբ Մուսա լեռան և Այնջարի այսօրվա լուսանկարների, բերված են Այնջարից, որտեղ նույնպես կայացել էր նմանատիպ ցուցահանդես: Լուսանկարների հեղինակներն են մուսալեռագետ Վահրամ Շեմեսյանը և Լևոն Թաշչյանը:
Ձեռնարկին ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը, երիտասարդական թևի անդամները, Վագֆից ժամանած մուսալեռցիներ և այլոք:


Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Իր խոսքում նա ներկայացրեց ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնեց Այնջարի «Կարմիր լեռ» կոմիտեությանը, Վահրամ Շեմեսյանին, Լևոն Թաշչյանին, Գաբրիել Փանոսյանին և «Նարեկացի» արվեստի միությանը ցուցահանդեսի կայացման համար, ինչպես նաև պատմեց դեպի Մուսա լեռ կատարված ուխտագնացության մասին:


Ապա խոսեց «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը: Նա ներկայացրեց Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միությունը և խոսքը փոխանցեց Հակոբ Հերգելյանին: Վագֆցիների անունից նա ողջույնի խոսք ասաց ներկաներին, որից հետո բոլորը ունկնդրեցին Այնջար-70 երգը` էկրանին տեսնելով Այնջարի լուսանկարներ` հիմնադրումից 70 տարի անց: Երգը ուղեկցվեց պարով:


Տեսանյութի ավարտից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված լուսանկարները:
Օրվա վերջում ցուցադրվեց «Մուսա լեռան 40 օրը» ֆիմը հայերեն թարգմանությամբ` նկարահանված Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա:


Ձեռնարկի հեղինակը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևն էր:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տոնակատարությունների ավարտը` սեպտեմբերի 19:
Օրվա միջոցառման մասին գրել են PANORAMA.AM, A1PLUS.AM, ARMENPRESS.AM, ASBAREZ.COM, NAREGATSI.ORG վեբ-կայքերը:
Մուսալեռցիները հարգանքի տուրք են մատուցում իրենց փրկարար նավապետին: Զրույց Թովմաս Այնթաբյանի հետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Այնջար, Լուի Դարթիջ դե Ֆուրնե, Հարցազրույց, Մուսալեռցիներ, Նարեկացի | June 24th, 2010

2010թ. մայիսի 5-ին Ֆրնասիայի Դորդոն շրջանի Սան Շամասի գյուղում տեղի ունեցավ նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեին նվիրված միջոցառում: Այն հատկանշական էր տապանաքարի տեղադրումով, որը պատրաստել էր մուսալեռցի քանդակագործ Աղասին (Պողոս Թասլաքյանը): Նավապետի գերեզմանը և տունը վերջերս գտել էր Թովմաս Այնթաբյանը:
Թովմաս Այնթաբյանի խոսքը միջոցառման վերաբերյալ.
«Միջոցառումը կազմակերպվեց մի խումբ մուսալեռցիների և Սան Շամասի գյուղապետարանի ու Դորդոն շրջանի շրջանային խորհրդի կողմից: Նախաձեռնողը իհարկե մուսալեռցիներն էին, որոնք իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Մուսա Լեռան ժողովրդի ազատարար նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:
Դարթիջ դե Ֆուրնեն 1940թ. թաղվել է Սան Շամասի գյուղում: 1920-1940թթ. ապրել Սան Շամասիից ոչ հեռու, որտեղ գրել է իր կյանքի գլխավոր հուշերը: Չնայած իր գերեզմանը բավական լավ պատրաստված է եղել, բայց նա մոռացության է մատնված եղել պաշտոնանկ լինելուց հետո: Իր գործունեության ընթացքում կատարել է բազում սխրագործություններ, այդ թվում Մուսալեռցիների ազատագրումը: Պորտ Սաիդում մուսալեռցիներից կազմվել էր լեգիոնական ջոկատ, որը մասնակցում էր պատերազմին` ի օգուտ Ֆրնասիայի: Դա մուսալեռցիների կողմից պատասխան էր Ֆրանսիական նավատորմին` կատարած լավության դիմաց:
Մուսալեռցիները միշտ հիշել են Դարթիջ դե Ֆուրնեին և երրորդ նավատորմին: Սակայն Ֆրանսիայում նա մոռացության էր մատնված, և նույնիսկ Սան Շամասիի գյուղապետը տեղյակ չէր թե ինչ մեծություն է թաղված իր գյուղում: Ես ուզեցի վերականգնել նավապետի հիշատակը Ֆրանսիայում:


«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը շրջագայության էր մեկնել Եվրոպա, և դա լավ առիթ էր, որ խումբը հասնի Սան Շամասի և նավապետի շիրմի վրա հոգևոր երգեր երգի, հնչի հայկական դուդուկը: Գյուղապետը և շրջանի խորհուրդը տեղեկանալով այս ծրագրի մասին, որոշեցին ավելի մեծացնել միջոցառումը: Միջոցառման որոշ մասը կազմակերպեցին իրենք` կատարեցին հյուրասիրություն, կացարան տվեցին համույթի երեխաներին:
Զարմանալին այն էր, որ շատ էին ոգևորված ֆրանսիական լրատվամիջոցները: Այս լուրը լուսաբանվեց Ֆրանսիայի գրեթե բոլոլր հեռուսաալիքներով ու թերթերով: Բոլորը ցանկանում էին իմանալ մանրամասներ նավապետի կյանքի մասին: Այս ամենը մեծ ազդեցություն գործեց Ֆրանսիայի ժողովրդի վրա, և այժմ Սան Շամասին դարձել է նրանց համար ուխտագնացության վայր: Առաջ որևէ նյութ հնարավոր չէր գտնել Դարթիջ դե Ֆուրնեի մասին, իսկ այժմ բազում տեսանյութեր ու գրություններ կան նավապետի մասին, որոնք հասանելի են բոլորին:
Այդ օրը միջոցառմանը ներկա էին նահանգապետը` նախկին նավապետ, շրջանային խորհուրդը իր ղեկավարով, Ֆրանսիայի գյուղական խորհուրդների նախագահը` ծագումով հայ Վանիկ Բերբերյանը, և այլ պետական անձիք: Եղանակային պայմանները խիստ էին. անձրևոտ ու ցուրտ եղանակ էր, սակայն երկինքը շուտով պայծառացավ:
Օրվա գլխավոր իրադարձությունը հուշաքարի տեղադրումն էր գերեզմանի վրա: Մարմարե հուշաքարը իրենից ներկայացնում է ծալված սավան` վրան կարմիր խաչ, նույն սավանը, որը տեսնելով լեռան վրա, Ֆրանսիական նավերը մոտեցան ափին: Այդ սավանը մինչ այսօր մեծ գուրգուրանքով պահվում է Այնջարի Մուսալեռան թանգարանում: Մարմարի վրա նույն տեսքով ծալված վիճակում քանդակել է Աղասին:


Այս միջոցառումից երեք օր առաջ Այնջարի եկեղեցում հատուկ հոգեհանգստի արարողություն կատարվեց Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին, մարմարյա խաչը օրհնվեց գյուղի երեք համայնքապետերի կողմից: Օրհնությամբ և ժողովրդի համբույրներով մուսալեռցիները իրենց ոգին դրոշմեցին քարի վրա և ուղարկեցին Ֆրանսիա: Այժմ Ֆրանսիայում չեն դադարում այցելությունները Դարթիջ դե Ֆուրնեի գերեզմանին:


Քարի հետ մեկտեղ տեղադրվեց մի ցուցանակ, որի վրա գրված է, որ Մուսա Լեռան ժողովուրդը հերոսական պայքարից հետո ազատագրվել է Ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիջ դե ֆուրնեի կողմից: Իսկ ներքևում հայատառ գրվել է ` Ծովակալ Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:

Այնջարում և Սան Շամասիում կատարված արարողությունները միատեղելով, կարող ենք ասել, որ մուսալեռցիները իրենց երախտագիտության տուրքը մատուցեցին: Այս երթը պետք է շարունակել: Նման ձևով ավելի կսերտանան հայ-ֆրանսիական հարաբերությունները: Սան Շամասիի գյուղապետը ցանկություն հայտնեց, որ Սան Շամասին և Մուսալեռ ավանը դառնան քույր գյուղեր:
Միջոցառումը եզրափակվեց եկեղեցում «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգով:»

բոլոր նկարները…
Սբ. Զատիկ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Միջոցառում, Նարեկացի, Սբ. Զատիկ | April 11th, 2010
Սուրբ Զատիկին հաջորդող կիրակի օրը` ապրիլի 11-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները «Նարեկացի» արվեստի միությունում նշեցին Սբ. Զատիկը:

Միջոցառման սկզբում Գաբրիել Փանոսյանն ու Աբրահամ Բալաբանյանը բոլորին տեղեկացրին մոտակա ծրագրերի մասին. խոսվեց մայիսի վերջին պատրաստվող երկրորդ ընդհանուր ժողովի մասին, առաջարկվեց արդի թեմաներով մոտ ապագայում քննարկումներ անցակցնել, որը բոլորը ողջունեցին, և պայմանավորվեցին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում պսակադրություն կազմակերպել:

Ապա բոլորը մոտեցան սեղանին ու միմյանց շնորհավորեցին Սբ. Զատիկի տոնը ու ըստ սովորության կռվեցրին հավկիթները: Ներկա մուսալեռցիները «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի աղջիկների հետ միասին երգեցին շատ երգեր:
Միջեցառումը եզրափակվեց ուրախ պարերով:


Շնորհավոր Սուրբ Զատիկ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Հայտարարություն, Նարեկացի, Սբ. Զատիկ | March 31st, 2010

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ…
Սուրբ Զատիկը Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից:
Բոլոր հայերը, այդ թվում նաև մուսալեռցիները, մեծ շուքով են նշում այս Քրիստոնեական տոնը: Մուսալեռցիները Զատիկի հետ կապված շատ սովորույթներ ու ավանդական ճաշատեսակներ ունեն:
Սբ. Զատիկի հաջորդ կիրակի օրը` ապրիլի 11-ին, ժամը 14.00-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը կտոնի Սբ. Զատիկը: Այդ օրը հոգևորականի կողմից բոլորը կծանոթանան այս Քրիստոնեական տոնի խորհրդին ու ավանդույթներին, իսկ վերջում կճաշակեն տոնական հավկիթը:
Հրավիրված են երիտասարդական թևի բոլոր անդամները:









