Արխիվ | "Նարեկացի" կատեգորիա
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը Ֆրանսիայում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Լուի Դարթիջ դե Ֆուրնե, Նարեկացի | March 26th, 2010


Լուի Դարթիջ դե Ֆուրնեի մահվան 70-րդ տարելիցի կապակցությամբ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ս.թ. մայիսի 5-ին համերգով հանդես կգա նավապետի տապանաքարի մոտ` Ֆրանսիայի Սան Շամասի գյուղում: Համույթի պատանի երաժիշտները կայցելեն մուսալեռցիների ազատարարի գերեզման և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն:
Ծագումով մուսալեռցի, նկարիչ Աղասին մի քանդակ է պատրաստել ծովակալի գերեզմանին տեղադրելու համար:
Զրույց-դասախոսություն երիտասարդների հետ ՆԱՄ-ում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Դասախոսություն, Նարեկացի | February 20th, 2010
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) երիտասարդների հետ տեղի ունեցավ զրույց-դասախոսություն` հետևյալ թեմայով.
«Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին»:
Ներկա էին մոտ 100 երիտասարդներ և հյուրեր: Միջոցառման բացման խոսքն ասաց երիտասարդական թևի վարչության անդամ Աբրահամ Բալաբանյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց երիտասարդական թևը, ապա ծանոթացրեց դասախոսության թեմային, երեք խոսնակներին` Աշոտ Ղազարյանին (որպես նախկին երիտասարդի ներկայացուցիչ), Կարեն Դերձյանին (որպես այսօրվա երիտասարդի ներկայացուցիչ), Րաֆֆի Դուդակլյանին (որպես սփյուռքի երիտասարդի ներկայացուցիչ), ինչպես նաև Ռուբեն Կրիկյանին`միջոցառման վարողին: Աբրահամը բոլորին հաճելի ժամանց մաղթեց և խոսքը փոխանցեց Ռուբեն Կրիկյանին` միջոցառումը սկսելու համար:
Ռուբեն Կրիկյանը նշեց, որ պետք է կարևորել երիտասարդի դերը, քանի որ նրանք հասարակության գործունեության մի մասն են կազմում:


Այնուհետև երեք խոսնակները կատարեցին իրենց զեկույցները:
Աշոտ Ղազարյանի համառոտ զեկույցը.
«Իմ երիտասարդության տարիներին մենք ապրում էինք պարփակված խողովակում, որտեղ մարդու հնարավորությունները սահմանափակ էին: Այն ժամանակներում կյանքն այնքան գորշ էր ինձ թվում, որ երբ գունավոր ֆիլմի դիտումից հետո դուրս էի գալիս կինոթատրոնից, ահավոր վիճակում էի հայտնվում: Մեր երտասարդության տարիներին շատ ամոթ էր հայկական երաժշտություն լսելը, իսկ հիմա ժամանակները փոխվել են, արդեն սկսել ենք լսել նաև մեր հայկական երաժշտությունը: Այժմ նոր մարտահրավերների առջև ենք կանգնած, և այս լավ վիճակը կարող ենք օգտագործել պատմական ժամանակաշրջանում մեծ Հայաստանի սյունը դնելու համար:»

Կարեն Դերձյանի համառոտ զեկույցը.
«Այժմյան երիտասարդությունը անկախության տարիներին մեծացած սերունդ է, որը տեսել է նաև պատերազմյան տարիներ: Անկախությունից հետո ՀՀ-ում երտասարդներով զբաղվող առաջին կառույցը ստեղծվել է 1995թ-ին: Այժմ երիտասարդությունը շատ ակտիվորեն զարգանում է: Մենք շարժվում ենք առաջ` ստեղծելով մեր ապագան, փորձում ենք գիտելիքներ ստանալ արտասահմանում և ստացված գիտելիքները օգտագործել մեր երկրի զարգացման համար: Մեր պետությունը աջակցում է սփյուռքի հետ մեր կապերի ստեղծմանը: Պետք է համախմբվենք երիտասարդներով, 21-րդ դարը մեր ժամանակաշրջանն է լինելու:»

Րաֆֆի Դուդակլյանի համառոտ զեկույցը.
«Սփյուռքի հայերը հիմնականում որբանոցներում են մեծացել, բայց շատ կարճ ժամանակահատվածում հաստատվել են քաղաքական կյանքում` հասնելով բարձր դիրքերի, դարձել են պետական գործիչներ: Սակայն սփյուռքը ունեցել է իր վայրիվարումները, այս ամենի հետ երտասարդությունը շարժում է ունեցել: Յուրաքանչյուր երկրում ապրող հայ իր մեջ ընդգրկում է նաև այդ երկրի որոշ հատկանիշները, սակայն բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր հատկանիշ` հայկական ծագումը: Երիտասարդները երբեք չպետք է իրենց ինքնաբավարարված զգան, պետք է միշտ ավելիին ձգտեն: Կյանքում փոփոխությունները միշտ առաջացնում է երիտասարդը, իսկ լճացումը իրենից մեծ վտանգ է ներկայացնում:»
Զեկույցներից հետո ներկաները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Վերջում Ռուբեն Կրիկյանը նշեց.
«Այսպիսի հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի բոլորը` մանավանդ երիտասարդները, հասկանան, որ մենք նույնպես մաս ենք կազմում մեր հայրենիքի կերտմանը: Պետք է հասկանալ, որ երիտասարդությունը ոչ թե ապագան է, այլ մեր ներկան:
Շնորհակալություն ենք հայտնում Նարեկացի արվեստի միությանը, բոլոր ներկաներին, երեք խոսնակներին ու միջոցառման վարողին:
Միջոցառում «Նարեկացի» արվեստի միությունում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Միջոցառում, Նարեկացի | November 22nd, 2009
Նոյեմբերի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) տեղի ունեցավ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի հավաք: Ներկա էին մոտ 30 մուսալեռցիներ:


Միության անդամների համար երաժշտական համար էր պատրաստել «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը (խմբի ղեկավար՝ Հովիկ Սահակյան): Միջոցառումը սկսվեց համերգով: Նախ «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրեն Թովմաս Այնթաբյանը ներկայացրեց համույթը, նրա պատմությունը և խմբի ղեկավարին, որից հետո բոլոր ներկաները մեկ ժամից ավել վայելեցին խմբի ժողովրդական և ազգային հոյակապ երաժշտությունն ու երգերը:


Համերգի ավարտից հետո Սոսի Ղազարյանը միության անունից շնորհակալություն հայտնեց տաղանդավոր երեխաներին ու Հովիկ Սահակյանին՝ գեղեցիկ կատարումների համար և ՆԱՄ-ի տնօրինությանը՝ երիտասարդ մուսալեռցիներին հերթական անգամ ջերմ ընդունելու համար: Ապա բոլորը օգտվեցին երիտասարդական միության պատրաստած հյուրասիրությունից:


Այնուհետև տեղի ունեցավ փոքր վիճակահանություն (500 դրամ արժողությամբ տոմսերով), և ամենահաջողակները ՆԱՄ-ի կողմից ստացան արվեստի տարբեր ոլորտների փոքրիկ նվերներ: Վիճակահանության արդյունքում տացված գումարը ավելացվեց երիտասարդական թևի ֆոնդին: Միջոցառումը եզրափակվեց երիտասարդների մասնակցությամբ «Մաֆիա» խաղով:


Սուրբ Զատիկ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Նարեկացի, Սբ. Զատիկ | April 11th, 2009
Միջոցառումը տեղի ունեցավ 11.04.2009թ., ժամը 17:00-ին ՆԱՄ-ում, որի ժամանակ ներկա էին 60 երիտասարդներ:


Միջոցառման հանդիսավոր բացման ողջույնի խոսքը հնչեց Աբրահամ Բալաբանյանի կողմից, որը շնորհակալություն հայտնեց մուսալեռցի կանանց, որոնք պատրաստել էին միջոցառման ուտեստներն և ՆԱՄ-ին` սրահը տրամադրելու համար: Հայտնեց, որ ստեղծվելու է վեբ-կայք, որի միջոցով ամբողջ աշխարհի մուսալեռցի երիտասարդները կկարողանան ծանոթանալ ու շփվել միմյանց հետ: Այնուհետև խոսքը փոխանցեց Շաննակյան Հասմիկին` ներկա բացակա անելու համար:
Այնուհետև խոսքը տրվեց Փանոսյան Գաբրիելին: Գաբրիել Փանոսյանը ողջունեց բոլոր հավաքվածներին: Նշեց, որ չնայած Մուսա լեռան երիտասարդական միության երկրորդ հավաքն է, բայց վարչության անդամներով արդեն մի քանի անգամ ժողովներ են ունեցել: Ներկաներին փոխանցեց Հայր Հովակիմ Մանուկյանի և Հայր Թորգոմ Տոնիկյանի ողջույնները, որոնք հարգելի պատճառով ներկա չէին միջոցառմանը: Շնորհավորեց Հովհաննես Դերմիշյանին Եվրոպայի ախոյանական խաղերում 3-րդ տեղը գրավելու կապակցությամբ և Մելինե Դալուզյանին` 2-րդ տեղ գրավելու կապակցությամբ:
Հայտնեց, որ մոտակա ժամանակներում կունենանք մեր վեբ-կայքը, որի միջոցով կստեղծենք մեր պատմությունը և կկարողանանք կապվել ամբողջ աշխարհի մուսալեռցի երիտասարդների հետ, պատկերացում կկազմենք, թե ինչ թիվ ունենք: Նշեց, որ կայքի ստեղծման ծախսերը հոգալու են տեր և տիկին Թասլաքյանները: Բոլոր հավաքված երիտասարդներին կոչ արեց, որ ապրիլի 24-ին, ժամ 11:00-ին միանան ՄՀՄ-ին, որպեսզի, բարձրանալով ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեն Եղեռնի զոհերին: Հայտնեց, որ մայիս ամսին Բյուրականում հրավեր ունենք, որի ժամանակ պետք է բոլոր անդամների կողմից վավերագրվի կանոնագիրքը և ընտրվի առաջին վարչությունը: Շնորհակալություն հայտնեց մուսալեռցի տիկիններին` Հասմիկ Թասլաքյանին, Անի Թաշյանին, Աստղիկ Փանոսյանին, Նարինե Դումանյանին` միջոցառման ուտեստները պատրաստելու համար: Շնորհակալություն հայտնեց հովանավորներին`
Տեր և տիկին Սերոբ և Մադլեն Տեր-Պողոսյաններին -30000 դրամ,
Տեր և տիկին Մովսես և Հուռի Թասլաքյաններին- 300դոլար
ՆԱՄ նախագահին և տնօրենին` Նարեկ Հարությունյանին և Թովմաս Այնթաբյանին:

Հրավիրվեց Տեր Մովսես Քահանա Ղազարյանը, որպեսզի իր պատգամը փոխանցի ներկաներին: Նա նշեց, որ մեծ ուրախություն է ապրել, երբ լսել է, որ Սուրբ Սարգսի տոնին տեղի է ունեցել երիտասարդների առաջին հավաքը: Նշեց, որ իրենք իրենց գործունեության ընթացքում միշտ ունեցել են երիտասարդների օգնության կարիքը, բայց առանձին միություն չեն ունեցել: Սկզբնական ժամանակներում մուսալեռցիներին շատ չէին ճանաչում, և շատ մեծ դժվարությունով, մուսալեռցի մտավորականների օգնությանբ հաջողվել է թարգմանել և տպագրել <<Մուսա լեռան քառասուն օրը>> գիրքը: Մուսալեռցի հերոս Յուզբաշյանի մահվանից հետո Երևանի խորհուրդ ներկայացվեց հուշարձանի կառուցման հայտ, որի կառուցվելուց հետո այդ հուշարձանի մոտ են անցկացրել իրենց միջոցառումները: 1969թ-ին հերիսա եփելու միջոցառմանը հրավիրել են մտավորականների, որոնց մուսալեռցի մտավորականները հուշել են, որ կարելի է մի ավան կոչել Մուսա լեռ և այդ ավանում կառուցել հուշարձան իրենց պապերի հիշատակին:

Երկու տարվա տանջանքերից հետո Գերատույն Սովետի որոշմամբ մի ավան կոչվեց Մուսա լեռ, որը մեծ խանդավառությամբ ընդունվեց: Սակայն հուշարձանի կառուցման համար թույլտվություն չէր տրվում: Այդ ժամանակ ներկայացվեց Հայրենական պատերազմի ժամանակ զոհված երկու մուսալեռցու անուներ, որոնց համար պետք է հուշարձան կառուցվեր: Դրա միջոցով հաջողվեց թույլտվություն ստանալ հուշարձանի կառուցման համար:
Տեր Մովսես Քահանա Ղազարյանը մաղթեց երիտասարդներին, որ ունենան ամուր հոգի, լինեն քաջ, պատվախնդիր, աշխատասեր: Վերջում արտասանեց բանաստեղծություն:
Այնուհետև Ղազարյան Սոսին բոլոր հավաքվածներին հրավիրեց ճաշակելու մուսալեռցի տիկինների պատրաստած համեղ ուտեստները: Հետո բոլոր հավաքվածները միասին երգեցին <<Հալա-հալա նինոյե>> երգը , որի բառերը նախօրոք բաժանվել էին ներկաներին: Որպիսզի հավաքվածները միմյանց ավելի լավ ճանաչեին, խաղ կազմակերպվեց:


ՄՈւՍԱ ԼԵՌ երիտասարդական միության առաջին հավաքը: Ս. Սարգիս
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Նարեկացի, Սբ. Սարգիս | February 7th, 2009
Հայաստանում Մուսա լեռան երիտասարդական միության առաջին հավաքը տեղի ունեցավ 07.02.2009թ., ժամը 17-00-ին` Նարեկացի արվեստի միությունում (ՆԱՄ): Հավաքին ներկա էին 45 երիտասարդներ:
Մուսա լեռան բարբառով հնչեց ողջույնի խոսքը Գաբրիել Փանոսյանի կողմից, այնուհետև Գաբրիել Փանոսյանը ընթերցեց կանոնադրությունը: Բարի գալուստի խոսքից հետո հավաքված երիտասարդներից յուրաքանչյուրը ինքն իրեն ներկայացրեց` ասելով թե Մուսա լեռան որ գյուղից և որ գերդաստանից է:
Հավաքի համար Նարեկացի կենտրոնը սիրահոժար կերպով տրամադրվել էր Մուսա լեռան երիտասարդական միությանը, որի համար Գաբրիել Փանոսյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց Թովմաս Այնթաբյանին:

Ապա հրավիրեց Նարեկ Հարությունյանին, որն իր խոսքը ուղղեց ներկաներին: Դրանից հետո Թովմաս Այնթաբյանը հայտնեց, որ շատ ուրախ է, որ ՆԱՄ-ում առաջին անգամ հնչեց Մուսա լեռան բարբառը:
Մուսալեռ Հայրենակցական Միության կողմից խոսք առավ վարչության անդամներից Վարդգեսը, որը ողջունեց երիտասարդական միության ստեղծումը, բայց նշեց, որ երիտասարդական միության ստեղծումով հետագայում պառակտումներ չլինեն միության մեջ: Նշեց նաև, որ Վագըֆ գյուղը միակն է, որը մնացել է քրիստոնեական և ունի իր եկեղեցին:

Ողջույնի խոսքը հասավ Հայրենակցական Միության նախագահին` Պերճ Ղազարյանին, որը շատ էր ուրախացել, որ այդքան մուսալեռցի երիտասարդներ էր տեսել: Նշեց, որ 60-ական թթ-ից գործում է Հայրենակցական միությունը, նշեց հիմնադիրների անունները և ներկաներին բաժանեց Մուսա լեռի գրքույկները:

Այնուտետև Սոնյա Թաշյանը խոսեց Սուրբ Սարգսի տոնի մասին, ասեց, որ Մուսա լեռում ունենք Սուրբ Սարգսի սրբավայրը: Նշեց Սուրբ Սարգսի քումբայի պատրաստման եղանակը:
Գևորգ Հաճյանը ներկայացավ իր երգով: Ներկաների մեջ էր նաև Բրազիլիայի հյուպատոս Հովսեփ Սեֆիլյանը, որն իր քաջալերական խոսքը հնչեցրեց ներկաներին, որը սակայն ծագումով մուսալեռցի չի:

Խոսք առավ նաև Հայր Թորգոմ Տոնիկյանը, որը պատմեց իր` Մուսա լեռան այցելության հուշերից:
Ներկա 7 կամավորականներից կազմվեց վարչության անդամներ.
1. Շաննակյան Հասմիկ
2. Ղազարյան Սոսի
3. Չախչախյան Տաթևիկ
4. Դերմիշյան Հովհաննես
5. Հայրապետյան Նարինե
6. Աշկարյան Լուսինե
7. Մանուկյան Անի
Այնուհետև Եսայի Չախչախյանը ողջունեց երիտասարդական միության ստեղծումը:
Գևորգ Չաքմանյանը, որ Տարոն Երգչախմբի ղեկավարն է և Մուսալեռցի փեսա, հանդես եկավ իր երգով:
Սոսի Ղազարյանի կողմից ներկաներին բաժանվեց սուրբ Սարգսի տոնին նվիրված փոքրիկ գրքույկներ:
Այնուհետև բոլոր հավաքվածները միասին սկսեցին երգել <<Հալա-հալա նինոյե>> երգը:
Հայր Հովակիմ Մանուկյանը օրհնեց սեղանը, ապա ներկաները հյուրասիրվեցին ավանդական սուրբ Սարգսի քումբայով, Մուսա լեռան պանիր հացով և կաթնի քաղքայով:

Փակման խոսքը հնչեցրեց Հայր Հովակիմ Մանուկյանը` նշանաբան ունենալով <<Հաջորդ անգամ Մուսա լեռում>>:
Այնուհետև բաժանվեց դիմումագրեր` միությանը անդամագրվելու համար :
Մասնավոր շնորհակալություն հայտնվեց այդ օրվա հյուրասիրություն պատրաստողներին:







