Արխիվ | "Վարչություն" կատեգորիա
Հանդիպում Այնջարի քաղաքապետի հետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Վարչություն | August 12th, 2010
Օգոստոսի 12-ին Այնջարի քաղաքապետարանում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի Հայաստանյան ներկայացուցիչները` Աբրահամ Բալաբանյանը, Արսեն Համբարձումյանը, Արամ Շարբաթյանը, Լիբանանում ներկայացուցիչ Հերագ Հերգելյանը և վարչության խորհրդական Գաբրիել Փանոսյանը հանդիպեցին Այնջարի քաղաքապետ Կարո Փամբուկյանին: Զրույցի ընթացքում երիտասարդները ներկայացրեցին միությունը, խոսեցին իրենց գործունեության մասին: Իսկ Կարո Փամբուկյանը պատմեց Այնջարի պատմությունը, խոսեց առկա խնդիրներից ու ապագա ծրագրերից: Նա նշեց, որ մոտ ապագայում քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցել ժամանակին Այնջարի հրապարակում եղած ժամացույցը, կառուցել քաղաքապետարանի նոր շենք և գործի դնել հանրային այգի: Ավելացրեց նաև, որ ծրագրերի մեջ են մտնում Այնջարի հին աղբյուրների վերականգնումը:
Հանդիպումը ավարտվեց քաղաքապետի հետ լուսանկարվելով:


Մուսալեռցիները «ԱԶԴԱԿ» խմբագրատանը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այց, Վարչություն | August 11th, 2010
Օգոստոսի 11-ին Բեյրութում «ԱԶԴԱԿ» խմբագրատուն այցելեցին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը, վարչության անդամ Արսեն Համբարձումյանը, միության անդամ Արամ Շարբաթյանը և երիտսարդական թևի Լիբանանում ներկայացուցիչ Հերագ Հերգելյանը: Երիտասարդները հանդիպեցին խմբագրատան տնօրեն Շահան Գանդահարյանի հետ, ծանոթացան «ԱԶԴԱԿ»-ի աշխատանքին, խոսեցին Հայաստանում մուսալեռցիների մասին, ներկայացրեցին երիտասարդական թևի պատմությունը և աշխատանքները:
Երկրորդ ընդհանուր Ժողովը: Ախթալա, Հաղպատ, Սանահին
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Արշավ, Ժողով, Միջոցառում, Վարչություն | May 30th, 2010

Մայիսի 30-ին, վաղ առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի մոտ 60 անդամներ մեծ ավտոբուսով ուղևորվեցին Ախթալա` անելու եկրորդ ընդհանուր ժողովը: Երկար ճանապարհին տեղի ունեցան արշավներ դեպի տարբեր տեսարժան վայրեր:
Առաջին վայրը Սանահինի վանքն էր: Այնտեղ երիտասարդները ծանոթացան վանքի պատմությանը, կատարեցին մոմավառություն: Մի փոքր հանգստից հետո երիտասարդական թևի անդամները այցելեցին Միկոյանների տուն-թանգարան: Թանգարանի մուտքի մոտ բոլորը տեսան Միկոյանի նախագծած ինքնաթիռը, ապա ներսում լսեցին և ծանոթացան Միկոյանների ողջ կյանքին ու գործունեությանը, շրջեցին թանգարանով: Միկոյանների տուն-թանգարանից ավտոբուսն ուղևորվեց դեպի Հաղպատի վանք:




Հաղպատում բոլորը շրջեցին համալիրով ու հիացան այդքան հին ու հիասքանչ շինություններով: Վերջապես երիտասարդական թևը ժամանեց Ախթալա` լեռնահարստացման կոմբինատ, որտեղ հրավիրել էին Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյանները: Երբ երկար ճանապարհից հետո բոլորը հանգստանում էին, Սերոբ Տեր-Պողոսյանը` պղնձի հարստացման կոմբինատի տնօրենը, ներկայացրեց պղնձի հանքի ու կոմբինատի ողջ պատմությունը: Ապա նա բոլորին ուղեկցեց դեպի արտադրամաս և մանրամասն ցույց տվեց ու բացատրեց պղնձի հարստացման ողջ ընթացքը: Որպես հիշողություն, երիտասարդները ստացան պղնձի ձուլակտորներ:


Արտադրամասից բոլորը գնացին տեսնելու Մանթաշովների դղյակը, որը գնել է Սերոբ Տեր-Պողոսյանը և այժմ պետք է վերանորոգի ու նորից ներկայացնի բոլորին իր` ժամանակին ունեցած շքեղ տեսքով: Սերոբ Տեր-Պողոսյանը բոլորին ներկայացրեց դղյակի պատմությունը, որից հետո բոլոր ներկաները օգտվեցին Տեր-Պողոսյանների հյուրասիրությունից և զվարճացան:


Օրվա վերջում սկսվեց ժողովը: Ընտրվեց ժողովի նախագահ, որը վարեց ողջ ընթացքը, և քարտուղար, որը կատարեց բոլոր գրառումները: Նախկին վարչության քարտուղարը` Հասմիկ Շաննակյանը, ընթերցեց նախորդ մեկ տարվա ողջ տեղեկագիրը, խոսեց արված ու չարված աշխատանքնրի մասին: Իսկ գանձապահը` Աբրահամ Բալաբանյանը, ընթերցեց ողջ ֆինանսական հաշվետվությունը, ներկայացրեց ֆոնդը ու մեկ տարում երիտասարդական թևին կատարված հովանավորությունները: (Այս ամենին մանրամասն կարող եք ծանոթանալ 2009-2010 տեղեկագրում:) Ապա ներկա երիտասարդները, խորհրդականը և նախկին վարչության անդամները գնահատեցին մեկ տարում վարչության աշխատանքը:
Ժամանանկի սղության պատճառով նոր վարչույան ընտրությունը տեղի ունեցավ ավտոբուսում: Կային 12 թեկնածուներ, որոնցից փակ քվեարկությամբ ընտրվեց վարչության 7 հոգանոց նոր կազմ` Աբրահամ Բալաբանյան, Հասմիկ Շաննակյան, Վիկտորյա Անտաբյան, Սոսի Ղազարյան, Հովհաննես Դերմիշյան, Վահե Կրրիկյան և Արսեն Համբարձումյան: Ընտրության ավարտից հետո վարչության կազմում չընդգրկված թեկնածուները հյուրասիրեցին ավտոբուսում բոլոր ներկաներին` ի նշան համերաշխության: Վարչության խորհրդական ընտրվեց Գաբրիել Փանոսյանը: Ժողովն անցավ ակտիվ և առողջ մթնոլորտում: Մինչ Երևան հասնելը ավտոբուսում չդադարեցին երգն ու երաժշտությունը: Ուշ երեկոյան ավտոբուսը ժամանեց Երևան:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին շնորհակալությունն է հայտնում Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյաններին:
Մեկնարկում է երկրորդ ընդհանուր ժողովը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ժողով, Հայտարարություն, Վարչություն | May 9th, 2010

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին ընհանուր ժողովը տեղի ունեցավ 2009թ. մայիսի 24-ին, Բյուրականում: Այդ օրը ժողովի կողմից ընտրվեց վարչության 9 հոգանոց կազմ (Անտաբյան Վիկտորյա, Բալաբանյան Աբրահամ, Բալաբանյան Հովհաննես, Դերմիշյան Հովհաննես, Կրրիկյան Վահե, Հայրապետյան Նարինե, Ղազարյան Նարեկ, Ղազարյան Սոսի, Շաննակյան Հասմիկ) և կետ առ կետ քննարկվեց ու ընդունվեց կանոնադրությունը:
Մայիսի 30-ին տեղի կունենա երկրորդ ընդհանուր ժողովը: Այն այս տարի տեղի կունենա Ախթալայում: Ժողովի ընթացքում ներկայիս վարչությունը հաշվետվություն կներկայացնի մեկ տարվա ընթացքում արված աշխատանքների մասին: Ապա կընտրվի վարչության նոր կազմ, կստեղծվեն նոր հանձնախմբեր, և կվերահաստատվի երիտասարդական թևի կանոնադրությունը: Վերջում տեղի կունենա հյուրասիրություն:

Ցանկալի է երիտասարդական թևի բոլոր անդամների մասնակցությունը: Այդ օրը կարևոր ու որոշիչ է բոլոր անդամների կարծիքն ու ձայնը:
Ավտոբուսը կշարժվի առավոտյան ժամը 7.30, Մաշտոցի պողոտայի շուկայի խաչմերուկից, կվերադառնա նույն օրը` երեկոյան:
Մանրամասների համար գրել էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել վարչության անդամներին:
Միության վարչության այցը Հոկտեմբերյան
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Այց, Միջոցառում, Վարչություն | November 8th, 2009
Նոյեմբերի 8-ի առավոտյան միության վարչությունը ուղևորվեց Հոկտեմբերյան` տեղի մուսալեռցի երիտասարդների հետ ծանոթանալու և միությունը նրանց ներկայացնելու նպատակով: Հավաքին ներկա էին շուրջ 40 մուսալեռցիներ:

Սկզբում Գաբրիել Փանոսայանը ներկաներին ծանոթացրեց Մուսալեռան պատմությունը և հերոսամարտը: Ապա Աբրահամ Բալաբանյանը ներկայացրեց միության պատմությունը, խոսեց մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունների և կատարված աշխատանքների մասին: Ինչպես նաև տեղեկացրեց կայքի գոյության ու առաջիկա ծրագրերի մասին: Հովհաննես Բալաբանյանը խոսեց վարչության ու ժողովների մասին և բոլորին ծանոթացրեց միության կանոնադրությունը:
Ներկաներից շատերը, որ դեռ չէին հասցրել միանալ միությանը, լրացրեցին դիմումնագրերը և դարձան միության անդամ:


Միջոցառումը եզրափակվեց ճաշկերույթով և երգ ու պարով: Ողջ օրն անցավ ընկերական ջերմ մթնոլորտում:


Նման հյուրասիրության համար շնորհակալություն Հոկտեմբերյանի մեր մուսալեռցի հայրենակիցներին և երիտասարդական միության վարչության խորհրդական Գաբրիել Փանոսյանին:







