Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Թերթեր, Միջոցառում, Մուսալեռ, Տոնակատարություն | September 18th, 2011

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄՈՒՍԱԼԵՌՑԻ:
Լրացավ Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը: Իրադարձություն, որը մեծ տոն է ոչ միայն մուսալեռցիների, այլև ողջ հայության համար: Դեռ շաբաթ օրվանից` սեպտեմբերի 17-ին, մարդկանց մեծ հոսք էր սկսվել դեպի Մուսալեռան հուշահամալիր: Ամենուր տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն. երիտասարդները ճամբարներ էին հիմնում, Հայրենակցական միության անդամները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ: Երեկոյան արդեն հուշարձանի շրջակայքը շատ մարդաշատ էր: Դեռ հեռվից լսվում էին Մուսալեռան թմբուկի ու զուռնայի ոգեշնչող հնչյունները:


Մինչ ներկաները շուրջպար էին բռնել, պարում ու երգում էին, հարիսայատանը արդեն սկսվել էր ավանդական հարիսայի պատրաստման բարդ գործընթացը: Խորհրդանշական 96 կաթսաների տակ վառվում էր կրակը, որը շարունակվեց մինչև առավոտ:

Ավելի ուշ վառվեց մեծ խարույկ, որի շուրջ թմբուկի ուժգին հարվածների տակ շրջան կազմեցին հարյուրավոր մուսալեռցիներ և ուղղակի այցելուներ: Երգն ու պարը ուղեկցվեցին հրավառությամբ:

Ուշ երեկոյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ճամբար անակնկալ այցելություն կատարեց Այնջարի քաղաքապետ Կարո Փամբուկյանը: Նա ծանոթացավ մուսալեռցի երիտասարդների հետ և խարույկի շուրջ նստած ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց Այնջարի ողջ պատմությունը հիմնադրման օրվանից: Թեև կարճատև, բայց հաճելի և հանգամանալից հանդիպումը քաղաքապետի հետ ավարտվեց խմբակային լուսանկարով:

Ողջ գիշեր երիտասարդական թևի ճամբարում տիրեց ուրախ և տոնական մթնոլորտ: Առավոտյան մուսալեռցի երիտասարդների օգնությամբ ավարտին հասցվեց հարիսայի պատրաստումը:


Կիրակի` սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր կերպով Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակին նվիրված տոնախմբությունը հայտարարվեց բացված: Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը: Հավաքված հարյուրավոր հանդիսականներին բեմահարթակից իրենց խոսքն ասացին միության նախագահ Պերճ Ղազարյանը, երիտասարդական թևի անդամներ Կարինե Փանոսյանը և Արամ Շարբաթյանը, Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը, ԱՄՆ Հայ-Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և այլ պատվավոր հյուրեր: Ելույթներին հաջորդում էին ազգային երգերն ու պարերը. ներկայացան մի շարք ազգագրական պարային խմբեր և երգիչներ:

Այս ողջ ընթացքում երիտասարդ մուսալեռցիները հարիսայատանը համապատասխան տարաների մեջ տեղափոխեցին հարիսան, որը բաժանվելու էր ներկաներին:


Թմբուկ-զուռնայի և ժողովրդի ուղեկցությամբ պատվավոր հյուրերը եկան հարիսայատուն: Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը օրհնեց հարիսան, որից հետո երիտսարդները հերոսամարտի 18 նահատակների և 4000-ից ավել փրկվածների հիշատակի մատաղ հարիսան բաժանեցին ժողովրդին:


Լրատվամիջոցներ. panorama.am-ը, epress.am-ը, neonews.am-ը, armradio.am-ը օրվա վերաբերյալ:
բոլոր նկարները…
ՄԱՀԱԶԴ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | August 7th, 2011

Օգոստոսի 7-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի «Մուսալեռ» հայրենակցական միության առաջին նախագահ Աբրահամ Արամայիսյանը: Նա ծնվել է 1925թ. հունվարի 14-ին Մուսալեռում, իսկ այժմ բնակվում էր Լոս Անջելեսում (ԱՄՆ):
1970-1991թթ. 21 տարի շարունակ եղել է «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին ցավակցությունն է հայտնում Արամայիսյանների ընտանիքին:
Արշավ դեպի Տաթև, Քարահունջ և Նորավանք
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Արշավ | August 7th, 2011

Օգոստոսի 7-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները մասնակցեցին արդեն պատմական դարձած ու տպավորիչ արշավի դեպի Տաթև, Քարահունջ և Նորավանք: 5 ժամ տևած երկար, բայց ուրախ ճանապարհից հետո ավտոբուսը վերջապես հասավ Տաթև: Դեպի վանք տանող ճոպանուղին անցնում էր ամպերի միջով. հիանալի տեսարան էր:
Տաթևի վանքում շրջելուց և համալիրի գեղեցիկ ճարտարապետությունը ու անհավանական թվացող դիրքը վայելելուց հետո երիտասարդները վերադարձան ավտոբուս և ուղևորվեցին Քարահունջ, որտեղ դիտեցին ժամանակին աստղադիտական մեծ արժեք ունեցող քարերը:
Արշավի վերջին կետը Նորավանքն էր: Մինչև մութն ընկնելը Նորավանքում շրջելուց հետո ավտոբուսը ուղևորվեց Երևան:
Ճանապարհին ոչ մի վայրկյան չդադարեցին երգն ու պարը, որը շարունակություն ունեցավ նաև ավտոբուսից դուրս:
Կեսգիշերին արշավի մեկնած երիտասարդները մեծ տպավորություններով ու դրական լիցքերով վերադարձան:
Նոր հաշվեհամար, նոր ծրագրեր
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Հայտարարություն | July 11th, 2011
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մշակել է իր տարեկան ծրագրերը, որոնց իրականացման համար պահանջվում են մեծ ջանքեր, հետևողական աշխատանք և միջոցներ:
Տարեկան ծրագրերից են.
- Երիտասարդական թևի կենտրոնի բացում: Փնտրվում է հարմար տարածք վարձակալության համար:
- Ամանորին Ձմեռ Պապի այցելություն գյուղեր:
- Տոհմիկ երեկո: Կլինի Մուսալեռան ավանդական ուտեստների ցուցահանդես-վաճառք Երևանի մարդաշատ վայրերից մեկում:
- Մուսալեռան և երիտասարդական թևի անդամների լուսանկարներով օրացույցների տպագրություն:
- Ծառատունկ Մուսալեռան հուշարձանի տարածքում:
Տարեկան ծրագրերի շարքը դեռ կարող է ընդարձակվել:
Բոլոր միջոցառումները իրագործվելու համար պահանջում են բավականին դրամական միջոցներ: Այդ նպատակով բացվել է բանկային հաշիվ, որում կուտակված գումարները կծախսվեն միայն նշված ծրագրերը իրականություն դարձնելու համար:
Ակնկալում ենք աշխարհասփյուռ բոլոր մուսալեռցիների աջակցությունը:
Բանկային հաշվին մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ էջում:
Մուսալեռցի Փանոս Մանջյանը` նախարար Լիբանանում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | June 20th, 2011

Փանոս Մանջյանը ծնվել է 1952թ. Այնջարում: Սովորել է Այնջարի «Գալուստ Գյուլբենկյան» երկրորդական վարժարանում, որից հետո հաճախել է Լիբանանի զինվորական վարժարան և ավարտել այն 1975թ.: 2001թ. փետրվարի 1-ին նշանակվել է 10-րդ զինված բրիգադի հրամանատար, իսկ հուլիսի 1-ին ստացել գեներալի կոչում: 6 ամիս առաջ Փանոս Մանջյանը անցել է թոշակի, որից հետո նշանակվել է նախարար Լիբանանում:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը շնորհավորում է իր հայրենակցին և մաղթում նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք:








